ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ.«ԲՀԿ-Ն ԼՈՒՐՋ ՀԱՅՏՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Март 31, 2009

other-14ԲՀԿ խմբակցության քարտուղար, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Արամ Սաֆարյանը լրագրողներին տված հարցազրույցներից մեկում նշեց, որ ԲՀԿ կենտրոնական շտաբը ձևավորման փուլում է: «Մեր համայնքային շտաբները և ենթաշտաբների մեծամասնությունն արդեն ձևավորված են: Ընտրությունների նախապատրաստման փուլում ընդգրկված են հարյուրավոր, եթե չասեմ՝ հազարավոր ԲՀԿ-ականներ, մենք արդեն բազմաթիվ խորհրդակցություններ ենք անցկացրել, ուշադրությամբ հետևելու ենք հանձնաժողովների ձևավորման գործընթացին, այդ թվում՝ մեր ներկայացուցիչների ընտրությանն ու երաշխավորմանը»,-հայտարարել է պրն Սաֆարյանը:

«Երևանի ավագանու ընտրությունները քաղաքակա՞ն են, թ՞ե սովորական ՏԻՄ ընտրություններ» հարցին պրն Սաֆարյանը պատասխանեց-.«Իմ անձնական կարծիքն ասեմ՝ չի կարող սա չլինել քաղաքական ընտրություն, որովհետև քաղաքական կուսակցություններ են մասնակցում այս ընտրություններին»:

ԲՀԿ կենտրոնական շտաբի ղեկավար Արամ Սաֆարյանը ևս մեկ անգամ վերահաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վճռականությունը՝ բացառել Երևանի ավագանու ընտրություններում ընտրակեղծիների և ընտրախախտումների առկայությունը: «Մենք տրամադրել ենք մարդկանց, որ ստուգեն-բացահայտեն ընտրախախտումների և կեղծիքների մասին տեղեկությունները»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Ըստ պրն Սաֆարյանի՝ ԲՀԿ նորաստեղծ քարոզչական խումբը շատ հզոր է,  լուրջ մասնագետներ են այնտեղ ընդգրկված: «Շուտով կանցկացնենք մեր ծրագրի և գլխավոր կարգախոսի շնորհանդեսը, հանրությանը կներկայացնենք մեր հիմնական անելիքները: Օգտվելու ենք օրենքով նախատեսված քարոզչության բոլոր ձևերից, մենք տուն առ տուն մտնելու ենք Երևանում, աշխատելու ենք էլեկտրոնային փոստ օգտագործողների հետ»,-ավելացրեց Արամ Սաֆարյանը:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ՝ «ՎԱՏԱՌՈՂՋ ԶԻՆՎՈՐԸ ԲԱՆԱԿ ՉԻ ՄՏՆԻ»

Март 26, 2009

quskyan-1-200ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատրյանը, ինչպես նաև երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման և անցկացման թեմայով: Հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովներին հանձնարարվել է հետևողական աշխատանք կատարել՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը բանակ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու զորակոչի ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործում: Հարություն Քուշկյանն ընդգծել է, որ հանձնաժողովներում ներգրավված յուրաքանչյուր բժիշկ պետք է ամենայն լրջությամբ մոտենա իր գործին՝ պատասխանատվություն կրելով իր կողմից տրվող ախտորոշման համար:

Խորհրդակցության ընթացքում առաջարկների թվում էր երկուստեք վերահսկողություն սահմանել բժշկական հանձնաժողովների նկատմամբ, ինչը կնպաստի զորակոչի գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն:


ԲԱՑՎԵՑ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Март 26, 2009

nubarashen-1Համայնքի մարզամշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները սկսել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։ Նորակառույց համալիրում գործելու են մարզադահլիճ, մշակութային միջոցառումների համար նախատեսված դահլիճ, գեղարվեստական ու սպորտի խմբակների փորձասրահներ, համակարգչային կենտրոն եւ գրադարան։

Նոր կենտրոնը կծառայի ոչ միայն Նուբարաշենի, այլ նաեւ հարակից գյուղերի բնակիչներին, որոնք զրկված էին նման մարզամշակութային կենտրոն ունենալու հնարավորությունից։


ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. «ԴԱ ՀԱՐԿԱԴԻՐ, ԲԱՅՑ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ԷՐ»

Март 24, 2009

ԱԺ էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ Քաղխորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը մեկնաբանում է Հայաստանում ֆինանսական ճգնաժամը:

Աղբյուր՝ «Ազգ» օրաթերթ

-Դոլարի «լողացող» փոխարժեքին անցնելը եւ դրա բարձրացումը ուղղակիորեն կապված են հանրապետության տնտեսության հետ: Բարձրացումն անհրաժեշտ էր, որպեսզի կարգավորվեն անհավասար պայմանները, որոնցում հայտնվել են մեր տնտեսվարող սուբյեկտները` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները, ընկերությունները: Դա հարկադիր, բայց դրական քայլ էր: Չէ՞ որ արտոնյալ վիճակում էին նրանք, ովքեր զբաղվում էին ներմուծմամբ` ապրանքների ներկրմամբ: Հայաստանում գնված դոլարներով արտերկրում արտադրանք էր ձեռք բերվում տնտեսվարող սուբյեկտի համար օգուտով եւ էլ ավելի մեծ օգուտով վաճառվում Հայաստանում` մեծ շահույթներ բերելով ներմուծողին: Իսկ մթերք արտադրողները եւ արտահանողներն ունեին անհամեմատ մեծ ծախսեր, բայց նվազ շահույթ: Հիմա, այդ հարկադիր քայլի շնորհիվ նրանց իրավունքները չեն սահմանափակվի, եւ արտադրությունը չի տուժի: Բացի դրանից, արտերկրում աշխատող հարազատներից օգնություն ստացողները գանգատվում էին, որ իջեցված փոխարժեքի պայմաններում իրենց ուղարկած, ասենք, հարյուր դոլարն այլեւս չի բավականացնում նույնիսկ կոմունալ ծառայությունների վճարմանը: Հիմա փոխարժեքը բարձրացել է:


- Այո, դոլարի փոխարժեքը բարձրացել է, բայց բարձրացել են նաեւ գները: Մարդիկ նետվեցին պարեն գնելու, հիմա էլ են գնում, վախենալով հետագա
թանկացումներից…

- Այդ խուճապն ու իրարանցումը նախաձեռնեցին ամենայն հավանականությամբ նրանք, ում ձեռնտու էր ապրանքն ավելի թանկ վաճառել: Սակայն, կարծում եմ, շուտով կկարգավորվի, գները` նույնպես:

-Հայաստանը որքանո՞վ կարող է ներքաշվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեջ եւ նրա վրա ինչպե՞ս կարող են անդրադառնալ Ճգնաժամի հետեւանքները:

-Գոյություն ունի համաշխարհային ֆինանսական համակարգ: Այդ համակարգի ֆինանսական հոսքերի կազմակերպումը նման է բարդ խողովակաշարի: Ուստի, ինչպես եւ ամեն մի խողովակաշարում, այստեղ ժամանակ առ ժամանակ կարող են ծագել խցանումներ եւ շարժման խաթարումներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է ինչ-որ ժամանակահատված, ասենք` 3 տարի, որպեսզի խողովակաշարը մաքրվի եւ գործի առանց անկանոնությունների: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրան բաժին են հասնում խողովակաշարից լոկ ինչ-որ կաթիլներ, որոնք ճգնաժամի դեպքում նվազում են կամ առհասարակ վերանում: Հայաստանում ֆինանսական համակարգը նոր է սկսում զարգանալ եւ չունի իր գլխավոր բաղկացուցիչ մասերը` սոցիալական ապահովագրության համակարգ (որի մեջ մտնում են պետապահովագրությունը , բուժապահովագրությունը եւ ապահովագրման մյուս տեսակները), կապիտալի շուկա (արժեթղթեր) եւ այլն: Հանրապետությունում ամբողջ ֆինանսական համակարգը սահմանափակված է բանկային համակարգով, որն առավել զարգացած է: Բայց ընդսմին մեր բոլոր բանկերի ամբողջ կապիտալը, որքան էլ տարօրինակ թվա, հավասար է Մոսկվա քաղաքի մի փոքրիկ բանկի կապիտալին, որը չի էլ մասնակցում ինչ-ինչ վարկանիշների: Այդ պատճառով Հայաստանը եւ չզարգացած ֆինանսական համակարգեր ունեցող մյուս փոքր երկրները մեկտեղ կարող են հայտնվել նույնիսկ շահեկան վիճակում, քանի որ զարգացած երկրները տարբեր նկատառումներով կարող են նրանց օգնություն հատկացնել: Այսպես, Հայաստանը ԱՄՆ-ից կստանա 525 միլիոնան դոլարի արտոնյալ վարկ, կես միլիարդ դոլար էլ կհատկացնի Ռուսաստանը: Եթե այդ օգնությունը նպատակահարմար եւ արդյունավետ օգտագործվի, ապա մեր երկրի մասշտաբներում հնարավոր է հասնել որոշակի հաջողությունների:

-Ճգնաժամի պայմաններում փոքր երկրների «առավելությունները» եւ մեզ հատկացված արտոնյալ վարկերն օգտագործելով` կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ առաջընթացի հասնել տնտեսական զարգացման մեջ:

-Արտաքին եւ պետական զանազան հակաճգնաժամային ծրագրերը նախատեսում են առավել ճկուն վերաբերմունք փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, որպեսզի օգնություն ստանա արտադրությունը: Նախատեսվում է այդ ոլորտին 300 մլն դոլար հատկացնել` այնտեղ պայմաններ ստեղծելու նպատակով: Մյուս կողմից, արտադրության աշխատողները եւս պետք է ակտիվորեն գործեն, եւ ոչ թե սոսկ օգնություն ստանան: Ինչ վերաբերում է արտադրությունը ճնշող հարկերին, այստեղ անհրաժեշտ է անհատական եւ տարբերակված մոտեցում: Հատկապես փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, որը հակառակ դեպքում կարող է չգոյատեւել:


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՀ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԲՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Март 20, 2009

BHK Logo«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով, մարտի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեց մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ վերջիններիս թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը:

ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար, ԲՀԿ Քաղխորհրդի անդամ Հարություն Քուշկյանը: ԲՀԿ ընտրական ցուցակում երկրորդն է ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, իսկ ցուցակում երրորդն է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի դասախոս Մարգարիտա Մաթևոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի ընտրություններին մասնակցելու է 122 անդամներից կազմված ցուցակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգում է մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կոալիցիայի անդամ-կուսակցություններին, ընդդիմության թեկնածուներին և պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առողջ մրցակցության պայմաններում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջ ինստիտուցիոնալ ռեսուրսն օգտագործելու է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ:


ԲՀԿ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆՆ Է

Март 11, 2009

galstyan-12Մարտի 11-ին Փաստարկ ակումբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հանդիպեց լրագրողներին: Ներկաների ուշադրության կենտրոնում Երևանի ավագանու ընտրություններն են: Խաչիկ Գալստյանը տեղեկացրեց, որ Քաղխորհրդում առաջարկվել են շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, ովքեր գլխավորելու էին Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրած ցուցակը:

«Հաստատվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի թեկնածությունը: Նա մասնագիտությամբ բժիշկ է, արդեն մի քանի տարի է` ՀՀ առողջապահության նախարարն է և կարող է առավելագույնս արդյունավետ աշխատել Երևանի քաղաքապետի պաշտոնում»,-իր խոսքում նշեց Խաչիկ Գալստյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի ընտրություններին մասնակցելու է շուրջ 100 անդամներից կազմված ցուցակով: «Երևանում է ապրում ՀՀ բնակչության մեկ երրորդից ավելին, մեր ցուցակում առաջադրված են շուրջ 100 թեկնածուներ»,-ավելացրեց Խաչիկ Գալստյանը:

Ասուլիսի ընթացքում Խաչիկ Գալստյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգում է մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կոալիցիայի անդամ-կուսակցություններին, ընդդիմության թեկնածուներին և պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել առողջ մրցակցության պայմաններում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջ ինստիտուցիոնալ ռեսուրսն օգտագործելու է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ»,- հավելեց Խաչիկ Գալստյանը:

Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում վերջին շրջանում հատկապես երիտասարդների անդամագրությունը, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ իսկապես, տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերի ակտիվ համալրում, և նրանց թվում հատկապես շատ են երիտասարդները: «Կարծում եմ՝ դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ Գագիկ Ծառուկյանը միշտ կանգնած է երիտասարդների կողքին, աջակցում է ուսանողներին, նպաստում է տարբեր երիտասարդական-ուսանողական ծրագրերի իրականացմանը»,-ավելացրեց Խաչիկ Գալստյանը:


ՄԱՐՏԻ 8՝ ՀԱՅ ԿՆՈՋ ՄԵԾԱՐՄԱՆ ՏՈՆ

Март 8, 2009

march-8Մարտի 8-ը կանանց միջազգային տոնն է, իսկ Հայաստանում այն ազդարարում է  կանանց  մեծարման միամսյակի մեկնարկի մասին: Տոնի առթիվ հանրապետության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացնելու ավանդույթը շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Մարտի 8-ին հարյուր հազարավոր ծաղիկներ բաժանվեցին հայ կանանց  և աղջիկներին: Երևանի Կենտրոն համայնքում առավոտ կանուխ ծաղիկներ բաժանող  ու շնորհավորանքներ  շռայլող երիտասարդների հանդիպելով՝ հայուհիներից շատերը մի պահ անակնկալի  էին  գալիս, հետո  ժպտում ու  վերցնում յուրաքանչյուր կնոջ համար ամենասպասված նվերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությունը չէր սահմափակվում  բացառապես քաղաքամայր Երևանով: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում  կանանց մեծարման միջոցառումները  բազմաթիվ էին: Աբովյանի պատվավոր քաղաքացի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր կառույցների կին աշխատակցուհիների համար ծաղիկներ էին նախատեսված: Քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքաապետ Կարապետ Գուլոյանը տոնի նախօրեին հանդիպեց դպրոցի տնօրենների հետ, նրանց  շնորհավորեց գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթեց կանացի երջանկություն ու բարօրություն նրանց  ընտանիքներին

Նախաձեռնության հեղինակների տեսադաշտից  դուրս  չէր մնացել խոցելի մեկ այլ  խումբ ևս: Աբովյան քաղաքի «Սաթենիկ» բարեգործական կազմակերպության «Նարեկ» ծերանոցի կին խնամյալներին նվերներից  առավել ուրախացրել էր իրենց հանդեպ դրսևորված ուշադրությունն ու հոգատարությունը:

Արդեն երեկոյան նախաձեռնության մասնակիցները ծաղիկներ էին հանձնում Սիրահարների այգում զբոսնող երիտասարդներին:


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

Март 7, 2009

Գարնան գալու և բնության զարթոնքի հետ մեկտեղ, առաջին տոնը, որը մենք նշում ենք, նվիրված է Ձեզ՝ սիրելի կանայք, մայրեր և քույրեր։

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Ի սրտե ցանկանում եմ Ձեզ բոլորիդ անսահման սեր և երջանկություն, ընտանեկան ջերմություն ու խաղաղություն։

Մարտի 8-ը մեզ համար գեղեցկության, հիացմունքի ու մեծարանքի օր է։ Մենք հպարտանում ենք Ձեզնով, քանի որ Դուք եք, որ պարգևում եք մեզ սիրո քաղցրություն, երեխայի բերկրանք ու մայրական հոգատարություն։  Ձեր անսահման սիրո, նվիրվածության և խորիմաստության շնորհիվ է, որ ամուր է հայ ընտանիքը, հաստատուն է հայոց օջախի ծուխը։ Հայ կինն արժանի է, որ իր կողքին ունենա ամուր հենարան, սիրող ամուսին ու երջանիկ զավակներ։

Կրկին ու կրկին շնորհավորելով Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ Ձեր դեմքին միշտ անհոգ ժպիտ լինի, որ Ձեր աչքերից երբեք արցունք չհոսի, որ Դուք միշտ շրջապատված լինեք Ձեզ սիրող, նվիրված ու հարազատ մարդկանցով։

«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան


ՀԱՕԿ-Ը ԵՎ ՎԻՎԱՍԵԼԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Март 4, 2009

3-haok-vivasel1Մարտի 3-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում «Վիվասել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ տարի ժամկետով համագործակցության պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի «Վիվասելը» 2009 թվականի ընթացքում 100 միլիոն դրամի օժանդակություն է ցուցաբերելու հայ մարզիկներին:

«Օլիմպիական կոմիտեի հետ այս համագործակցությունը նպատակ ունի զարգացնել տարբեր մարզաձևերեր…Մենք հավատում ենք մեր մարզիկների հնարավորություններին և ապագային: Մեր մարզիկներին միջազգային հարթակներում պայքարելիս տեսնելով՝ մենք օր օրի ավելի մեծ բերկրանք կզգանք…Մենք համոզված ենք, որ մեր մարզիկներն ու մարզիչներն ամեն ինչ կանեն՝ Հայաստանի դրոշը ամենուրեք բարձր պահելու համար»,-մասնավորապես ասված է Վիվասել ՄՏՍ-ի մամլո հաղորդագրությունում:

Պայմանագրի ստորագրումից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ «Վիվասել» բջջային օպերատորը ցանկացել է օգնել Հայաստանում սպորտի զարգացմանը և ՀԱՕԿ-ին, իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գոհունակությամբ ընդունել է այդ առաջարկը:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ 13 ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՎ

Март 4, 2009
hoak1Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, վերջինիս նախագահ Գագիկ  Ծառուկյանը մեծապես գնահատում են տպավորիչ արդյունքներ ցուցադրած  մարզիկներին: Մարտի 3-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար  Արմեն Գրիգորյանի հրամանով միջազգային պաշտոնական խոշոր մրցաշարերում  հաջող մրցելույթներ ունենալու համար հինգ մարզաձևերի (ծանրամարտ,  բռնցքամարտ, աթլետիկա, ուշու և սամբո) 13 ներկայացուցիչների շնորհվել է ՀՀ  Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզիկներին հանձնեց վկայագրերն ու կրծքանշանները և շնորհավորեց երիտասարդներին: Այսուհետև մարզիկներ Սերգեյ Սևյանը (Ուշու), Սասուն Հայրապետյանը (Ուշու), Արսեն Սարգսյանը (Հեռացատկ), Լիլիթ Պողոսյանը (Սամբո), Վաչիկ Վարդանյանը (Սամբո), Ժաննա Վարդանյանը (Սամբո), Էմին Ասլանյանը (Սամբո), Ռուբեն Ալեքսանյանը (Ծանրամարտ), Առաքել Միրզոյանը (Ծանրամարտ), Արամ Անդրիկյանը (Ծանրամարտ), Արա Խաչատրյանը (Ծանրամարտ), Էդուարդ Համբարձումյանը (Բռնցքամարտ)  և Ցոլակ Անանիկյանը (Բռնցքամարտ) միջազգային կարգի սպորտի վարպետներ են: