ԲՀԿ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Май 28, 2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եզրափակիչ հանդիպումը բազմահազար ընտրողների և ԲՀԿ աջակիցների հետ տեղի ունեցավ Աջափնյակ համայնքում՝ Ազատամարտիկների պուրակում(16-րդ  թաղամաս):

Ելույթ ունեցան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նրան հաջորդեց և ելույթով հանրահավաքն ամփոփեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի երևանցիներ, այսօր դուք ներկա եք Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եզրափակիչ հանրահավաքին: Վստահեք մեզ, և մենք կիրականացնենք մեր նախընտրական ծրագիրը: Մենք ներկայացնում ենք Երեւանի զարգացման համալիր ծրագիր, որի հիմքում նաեւ ձեզանից ստացված առաջարկություններն ու խորհուրդներն են։


Մեր առաջադրած թեկնածուները փորձառու են, գիտեն քաղաքի խնդիրները, եւ վստահ կարող են պատասխանատվություն ստանձնել դրանք լուծելու համար»
,-ելույթն ավարտեց պրն. Քուշկյանը:

Հանրահավաքի մասնակիցներին դիմեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի Երևանցիներ, մայիսի 31-ին մենք առաջին անգամ ընտրելու ենք Երեւանի ավագանի, որն էլ կընտրի Երեւանի քաղաքապետին։ «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է այս ընտրություններին վստահ, որ Երեւանի զարգացման մեր առաջարկած ծրագիրը եւ թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են Երեւանը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երեւանցիների կենցաղը` առավել հարմարավետ:

Մեր խոսքը գործ է։ Վստահե՜ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ պահանջեք գործ։ Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը: Միասին շենացնենք մեր Երեւանը։ Միասին կառուցենք բարգավաճ երկիր»,-երևանցիներին դիմեց պրն. Ծառուկյանը:

Ազատամարտիկների պուրակում կայացած հանրահավաքին հաջորդեց համերգային ծրագիր հայ աստղերի մասնակցությամբ:


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Май 28, 2009

Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հայ ժողովրդի կարևոր ձեռքբերումներից մեկը խորհրդանշող Հանրապետության օրվա առիթով:

Յուրաքանչյուր ազգի քաղաքական ինքնակազմակերպման գագաթնակետը ազգային պետականության կերտումն է: Այդ առումով մենք` հայերս, բացառիկ ենք, քանի որ մեր պատմության ողջ ընթացքը ուղեկցվել է անկախության և ազգային պետականության համար մղված կենաց ու մահու պայքարով:

1918թ-ի մայիսի 28-ը այդ պայքարի տրամաբանական շարունակությունն էր: Հազարավոր հայ քաջորդիների կյանքի ու արյան գնով վերականգնվեց դարերով կորցրած հայոց պետականությունը, կյանքի կոչվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Իր գոյության թեկուզև կարճատև ժամանակահատվածում այն կարողացավ համախմբել Մեծ եղեռնից հետո ցիրուցան եղած հայության հատվածները, կազմակերպել ժողովրդի ներքին կյանքն ու ստեղծել ազգային պետականության անհրաժեշտ բոլոր ատրիբուտները:

Նոր սերնդի քաղաքական գիտակցության մեջ միշտ պետք է վառ պահվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, որ յուրաքանչյուրիս անվտանգությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը պայմանավորված են մեր ազգի միասնականության և ամուր պետականության առկայության գործոններով:

Մայիսյան այս գեղեցիկ տոնի առիթով կրկին ու կրկին մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաղթանակներ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան


ԿԱՅԱՑԱՎ ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ

Май 26, 2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդության հարցերի հանձնաժողովի երրորդ ընդլայնված նիստը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և ԲՀԿ օրհներգների ուղեկցությամբ: Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը, ով ներկայացրեց հանձնաժողովի ընթացիք գործունեության հաշվետվությունը:

«Կարճ ժամանակահատվածում կուսակցության երիտասարդական թևի կառույցներն էլ ավելի են ուժեղացել, երիտասարդական կառույցների առավել ակտիվ և գործունյա երիտասարդերն այսօր արդեն ներգրավված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակում՝ ունենալով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը»,-ելույթում նշեց Վահե Էնֆիաջյանը:

Ընդլայնված նիստի ընթացքում ներկայացվեցին նաև մարզերի երիտասարդությանը հուզող խնդիրները, նախանշվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Երիտասարդ կուսակցականները կարևոր են համարում նաև երիտասարդ մասնագետների ակումբների և կարյերայի կենտրոնների ստեղծումը:

Ներկաներին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Սիրելի երիտասարդներ, հարգելի կուսակից ընկերներ, ի սրտե ողջունում եմ բոլորիդ: Այսօր մեր կուսակցության շարքերը համալրված են բանիմաց ու փորձառու երիտասարդներով, ովքեր բազմիցս հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով: Ես մշտապես աջակցելու եմ երիտասարդական ծրագրերի իրականացմանը: Բազմահազար երիտասարդների վստահությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պարտավորեցնող է բոլորիս համար»,-վստահեցրեց պրն. Ծառուկյանը:

Նիստի ընթացքում միաձայն ընդունվեց նաև ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձաժողովի քաղաքական հայտարարությունը, որով կոչ է արվում բոլոր քաղաքական ուժերին Երևանի ավագանու ընտրություններին պահպանել հանդուրժողականություն քաղաքական մրցակիցների նկատմամբ:


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՎՍՏԱՀ ԵՆՔ, ՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՔ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՈՒՂԻՆ»

Май 26, 2009

Մայիսի 26-ին կայացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպման պաշտոնական մեկնարկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի հուշարձանին:

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ներկայացրին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը և վերջինիս հիմնադրույթները:

«Սիրելի Երևանցիներ, մեր կուսակցության ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, կրթական, քաղաքաշինական, ժողովրդագրական եւ մյուս ոլորտների զարգացման համալիր ծրագիրը, միացիր մեր արդար գործին, միասին կառուցենք «Բարգավաճ Հայաստան»
,-իր ելույթում մասնավորապես նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը:

Մալաթիա-Սեբաստիա  համայնքի բնակիչներին կոչով դիմեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի Երևանցիներ, Երևանի ավագանու ընտրությանը մնացել են հաշված օրեր: Հուսով ենք՝ դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը: Վստահ ենք, որ մայիսի 31-ին դուք ընտրելու եք քաղաքամայր Երևանի կայուն զարգացման ու բարգավաճման ուղին»,-իր ելույթն ավարտեց ԲՀԿ նախագահը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եզրափակիչ հանդիպումը երևանցիների հետ կկայանա մայիսի 28-ին Աջափնյակ համայնքում:


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ.«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»

Май 22, 2009
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առիթով
Սիրելի շրջանավարտներ,

սրտանց շնորհավորում եմ Ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի` Վերջին զանգի առիթով: Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս դպրոցին, Ձեր ուսուցիչներին, Ձեր մանկությանն ու պատանեկությանը և թևակոխում եք կյանքի մի նոր շրջափուլ: Հարազատ դպրոցից Դուք Ձեզ հետ տանում եք մանկության անսպառ հուշեր, պատանեկան անվերջ երազներ ու հույսեր:

Առջևում Ձեզ սպասում է կրթության ու գիտության բարձունքները նվաճելու, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանը: Վստահ եմ, որ Դուք եք մեր երկրի ապագան, որ Ձեզնից յուրաքանչյուրը  կդառնա իր ծնողներին, մեր պետությանն ու ժողովրդին արժանի զավակ:

Սիրելի շրջանավարտներ, կրկին ու կրկին շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի առիթով և մաղթում եմ, որ կյանքում միշտ ունենաք հաղթանակներ, հաջողություններ ու փայլուն ապագա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան


ՀԱՆԴՒՊՈՒՄ ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Май 22, 2009

Մայիսի 22-ին մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերի հանդիպումը  Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչների հետ:

Ազատամարտիկների այգում հավաքված բազմահազար երևանցիների առջև ելույթ ունեցան և կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացրեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Արամ Սաֆարյանը և այլոք: Հավաքվածներին ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը և վերջինիս հիմնադրույթները:

Նուբարաշենում և Էրեբունիում բնակվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցների առջև ելույթ ունեցավ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Խոսելով մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրների մասին՝ պրն. Քուշկյանը նշեց, որ դրանց հաղթահարման գրավականներից մեկն էլ պետք է լինի քաղաքապետարանի թափանցիկ աշխատաոճը: «Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի ծառայությունները պետք է լինեն առավելագույնս հասանելի. քաղաքացին պետք է կարողանա մեկ այցելության ընթացքում ստանալ իր բոլոր հարցերի պատասխանները»,-ելույթում նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն:

Հասարակության ուշադրության կենտրոնում էր նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը: ԲՀԿ նախագահը նույնպես անդրադարձավ քաղաքապետարանի և երևանաբնակների միջև համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: «Համատիրությունները պետք է շրջվեն դեպի բնակիչը, լավատեղյակ լինեն տարածքում բնակվող բազմազավակ եւ միայնակ մայրերի, ծերերի եւ երեխաների, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների խնդիրներին: Համատիրությունը պետք է աջակցի մեր համաքաղաքացիներին, այլ ոչ թե իր միակ պարտականությունը համարի տարատեսակ վարձավճարների հավաքումը»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կայանալու է Մալաթիա-Սեբաստիա համայնքների բնակչության հետ՝ Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ. «ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՀՈԳԱՏԱՐ ՁԵՌՔԵՐ»

Май 22, 2009

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանի հարցազրույցը «Պոստ Սկրիպտում» ամսագրին

- Պարոն Քուշկյան, մայիսի 31-ին  տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Դուք  գլխավորում եք ԲՀԿ համամասնական ցուցակը: Ի՞նչ նշանակություն ունի  Երևանը ձեզ  համար:

- Ինչպես կասի յուրաքանչյուր երևանցի՝ սա իմ քաղաքն է, իմ հիշողություններն են, իմ ներկան է, իմ  և սերունդների ապագան է: Հպարտանում եմ Երևանի ամեն մի նվաճումով և առավելությամբ, մտահոգվում եմ ամեն մի խնդրով: Եվ, անկախ իմ զբաղեցրած դիրքից, միշտ ծառայել եմ և կծառայեմ իմ քաղաքի մշտական զարգացման գործընթացին: Մեր քաղաքին հարկավոր են հոգատար ձեռքեր:

- Ինչպիսի՞նն է ձեր մանկության ու պատանեկության Երևանը: Ինչպիսի՞նն եք այն հիշում:

- Ձեր հարցը հաճելի հիշողություններ է առաջացնում: Այո,շատ գեղեցիկ էր իմ մանկության և պատանեկության Երևանը: Ապրում էի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, սովորում էի Պուշկինի անվան դպրոցում: Այդ սքանչելի շինությունները, զբոսայգիները, պուրակները, շատրվանները հիացմունք էին առաջացնում:

- Կա՞ մի բան,  որ  կուզենայիք ձեր մանկության Երևանից  ետ բերել:

- Իսկապես հետաքրքիր է: Երևանը ավելի է զարգացել, մեծացել, ժամանակակից դարձել: Բայց, իրավ, կա ինչ-որ մի բան այն հին Երևանից, որ բոլորս կուզեինք նորից տեսնել և վայելել: Երևի՝ պարզ, կանաչ զբոսանքի վայրեր, մանկական այգիներ, պարզ Կարապի լիճ, պարզ ցայտաղբյուրներ, ավելի հայկական ճարտարապետություն, ավելի պարզ մայթեր և իհարկե` ավելի երջանիկ երևանցիներ:

- Ի՞նչ  գույների մեջ եք  տեսնում մեր քաղաքը:

- Ես համաձայն եմ, որ  վարդագույնը միշտ բնորոշ է եղել Հին Երևանի համար: Բայց այսօր, ինչպես ամբողջ աշխարհում, ժամանակակից շինարարությունը կարող է կատարվել բաց երանգներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր կառույց ունենա բարձր ճարտարապետական արժեք` անպայման պահպանելով հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները:

- Ձեզ վստահել է  կուսակցականների մի մեծ թիմ`  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Մե՞ծ է արդյոք պատասխանատվության զգացումը:

- Պատասխանատվությունը իսկապես շատ մեծ է, որովհետև պատասխանատու եմ մի մեծ թիմի  և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առջև: Կասեմ միայն, որ ջանք չեմ խնայի, որպեսզի մեր կուսակցության նախընտրական ծրագիրը կյանքի կոչվի, կաշխատեմ այնպես, որ իմ գործընկերները և մեր ժողովուրդը հետզհետե էլ ավելի վստահեն մեզ:

- Ինչպիսի՞նն է Երևանի զարգացման ձեր կուսակցության ծրագիրը:

- Ամենակարևոր հարցն է երևի… Երևանի զարգացման մեր նախընտրական ծրագիրը կազմել ենք կուսակցության լավագույն մասնագետների հետ համատեղ, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Հիմք ենք  ընդունել քաղաքի խնդիրների ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցման արդյունքները:  Կարծում եմ` առավելագույնս ընդգրկվել են բոլոր  հասունացած խնդիրները և նրանց լուծման ճանապարհները: Լուրջ ու ծանրակշիռ. ահա այսպիսինն է Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ նախընտրական ծրագիրը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը ներառում է մայրաքաղաք Երևանի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, կրթական, քաղաքաշինական, ժողովրդագրական զարգացման ուղղությունները: Երևանի կառավարման համակարգը պետք է խստորեն առաջնորդվի Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրով, որից էլ բխելու են գլխավոր հատակագծի իրացման միջոցառումները: Անհրաժեշտ է վերջ տալ բնակելի, մշակութային, կրթական շենքերի կամայական շինարարությանը, մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը խաթարող անճաշակ փոփոխություններին: Անհրաժեշտ է վերականգնել քաղաքի թամանյանական ոգին:

Համատիրությունները պետք է դեմքով շրջվեն դեպի բնակիչը, լավատեղյակ լինեն տարածքում բնակվող բազմազավակ և միայնակ մայրերի, ծերերի, երեխաների, զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների խնդիրներին: Համատիրությունը պետք է աջակցի մեր համաքաղաքացիներին, այլ ոչ թե իր միակ պարտականությունը համարի տարատեսակ վարձավճարների հավաքումը: Պետք է լուծվեն շենքերի տանիքների, շքամուտքերի, աստիճանավանդակների և բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման այլ տարածքների պատշաճ սպասարկման ու շահագործման խնդիրները: Բարեկարգ բակերը, մարզական հրապարակները, կանաչ տարածքները պետք է դառնան երևանցի երեխաների թե՜ առողջության, թե՜ գեղագիտական դաստիարակության կարևոր բաղկացուցիչներ: Քաղաքային իշխանությունը պետք է լինի գիտության ու մշակույթի ներկայացուցիչների լավագույն բարեկամը:

Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Երևանի կենտրոնով հոսող Հրազդան գետի, համանուն կիրճի և Երևանյան լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և դրանք մայրաքաղաքի բնակչության հանգստյան գոտի դարձնելու խնդրին: Երևանցին պետք է համոզված լինի, որ իր քաղաքը տեր ունի  և այդ տերը հենց ինքն է: Սրանք մեր կուսակցության ծրագրի դրույթներն են, որոնք, բնականաբար, կյանքի են կոչվելու, սակայն շատ ավելի կարևոր է Երևանի սիրտն ու հոգին վերադարձնելը, երևանցու կերպարի վերականգնումը:

- Քարոզարշավն արդեն մի քանի օր է` ընթացքի մեջ է: Ի՞նչ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ հանդիպումների ու միջոցառումների պլաններ կան:

- Մի քանի հանդիպումներ ենք ունեցել Երևանի տարբեր համայնքների բնակիչների հետ: Հանդիպումներին հազարավոր մարդիկ են մասնակցում: Մեր քաղաքական թիմը հանդիպումների շրջանակներում ներկայացնում է մեր կուսակցության նախընտրական ծրագիրը, լսում մարդկանց  կարծիքները: Մենք խոստումներ չենք տալիս: Ընդամենը խորհուրդ ենք  տալիս  ծանոթանալ մեր նախընտրական ծրագրին, և եթե հավանության արժանանա այն, ապա մայիսի 31-ին ԲՀԿ-ին տալ  իրենց վստահության քվեն: Մինչ քարոզարշավի ավարտը մենք  դեռ  բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու Երևանի բոլոր համայնքների բնակիչների հետ, նրանց  ենք ներկայացնելու Երևանի զարգացման մեր տեսլականը: Այս  ժամանակահատվածում երևանցին հնարավորություն ունի լսելու ընտրապայքարին մասնակցող  բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և վերջում ընտրություն կատարել այդ ծրագրերի միջև: Մենք հավատացած ենք, որ մեր առաջարկած ծրագիրը և թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են Երևանը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երևանցիների կենցաղը` առավել հարմարավետ:

- Երևանի քաղաքապետ դառնալու դեպքում որո՞նք  են լինելու ձեր հիմնական անելիքները: Նշեք  առաջնահերթությունները:

- Առաջիկա մի քանի տարում մենք անհրաժեշտ ենք համարում ավարտին հասցնել Երևանի փողոցների, մայրուղիների և հետիոտն անցումների վերակառուցման և բարեկարգման աշխատանքները, շարունակել կամուրջների վերականգնման ու ամրացման աշխատանքները, իրականացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակարանից զրկված բնակիչների համար բնակելի շենքերի շինարարություն, Երևանի շուրջ կառուցել օղակաձև ժամանակակից  ավտոճանապարհ, որպեսզի հանրապետության հյուսիսային շրջաններից դեպի հարավ գնացող  և հատկապես բեռնատար մեքենաները շրջանցեն Երևանը, Երևանցին պետք է ունենա շուրջօրյա ջրամատակարարում, Երևանի պետք է լինի լուսավորված, կանաչ, գիտության, մշակույթի, միջազգային զբոսաշրջության կենտրոն, Երևանը պետք է ունենա ներդրումային առավել բարձր գրավչություն: Մենք գիտակցում ենք, որ անելիքները շատ են, բայց նաև համոզված ենք, որ միասնական աշխատանքի  շնորհիվ  կարճ ժամանակահատվածում հնարավոր է հասնել նախանշված բոլոր խնդիրների լուծմանը:

- Առողջապահության նախարարի պաշտոնում ևս  ձեր ծանրաբեռնվածությունը ըստ ամենայնի շատ է եղել: Երևանի քաղաքապետ դառնալու դեպքում, ամենայն հավանականությամբ,  ևս ազատ ժամանակ դժվար ունենաք: Ինչպե՞ս է  ձեր ընտանիքը վերաբերում այս  ամենին:

- Իմ աշխատանքային տարիների ընթացքում միշտ էլ ծանրաբեռնված եմ աշխատել, և իմ ընտանիքը  ոչ միայն ըմբռնումով է մոտեցել, այլև մշտապես աջակցել և քաջալերել է նոր գործերը և նոր նվաճումների ճանապարհին և մշտապես հպարտացել:

- Ընտրարշավին մի քանի քաղաքական ուժ է մասնակցում: Ինչպե՞ս  եք գնահատում այս  հանգամանքը: Ի՞նչ խորհուրդ  կտայիք  ձեր մրցակիցներին:

- Դա խոսում է ժողովրդավարության մասին, ես ողջունում եմ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունն այս ընտրություններում, եթե ընտրություններն էլ անցնեն այդքան գեղեցիկ և քաղաքակիրթ, ես դա միայն կողջունեմ:

- Ի՞նչ կոչ կանեիք մայիսի 31-ին ընտրության գնացող ընտրողներին:

- Գնալ ընտրության, ընտրել իրենց կողմից ընդունելի և արժանի քաղաքապետի: Մենք հավատացած ենք, որ մեր ծրագրային հիմնադրույթների իրականացումը արմատապես կբարելավի մեր կյանքի որակը, կձևավորի փոխադարձ վստահության մթնոլորտ ժողովրդի և քաղաքային իշխանության միջև: Դա հնարավոր է միայն մեր համաքաղաքացիների վստահության քվեն ստանալով: Տվեք ձեր ձայնը «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությանը և պահանջեք գործ: Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը:

Միասին շենացնենք մեր Երևանը: Միասին կառուցենք բարգավաճ երկիր:


ԲՀԿ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Май 20, 2009

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այս անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամներին հյուրընկալել էին Նորք-Մարաշ համայնքում:  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանին  Նորք-Մարաշ համայնքի բնակիչները դիմավորեցին աղուհացով:

Նախքան մեկնարկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Արմենակ Արմենակյանի շիրիմին, հարգեցին նրա հիշատակը:

Առաջինը ելույթ ունեցավ Նորք-Մարաշ համայնքի բնակիչ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը: Պրն. Քուշկյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնել: «Մեր ծրագրերը իրատեսական են և հեռանկարային, մենք էլ պատրաստ ենք մեր քաղաքի խնդիրներին արդյունավետ լուծում տալ»,- նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն:

Հավաքվածներն ունկնդրեցին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսքը գործ է, և Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի յուրաքանչյուր դրույթ իրականություն է դառնալու, մեր նպատակը Երևանցիների համար հարմարավետ կյանքի, բարեկեցիկ ապագայի ապահովումն է»,-ելույթն ավարտեց պրն. Ծառուկյանը:

Հանդիպման ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմեր վառեցին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչների հետ կհանդիպեն մայիսի 22-ին Ազատամարտիկների այգում:


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆ. «ՎՍՏԱՀԵՔ ՄԵԶ և ՊԱՀԱՆՋԵՔ ԳՈՐԾ»

Май 19, 2009

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հանդիպումը երևանցիների հետ կայացավ Դավիթ Անհաղթի զբոսայգում: Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպեցին ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը, Քաղխորհրդի անդամներ և ընտրական ցուցակի թեկնածուներ:

ԲՀԿ ներկայացուցիչների ելույթները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի, կուսակցության ծրագրային հիմնադրույթների մասին էին: ԲՀԿ ընտրական ցուցակի թեկնածուները մասնավորապես նշեցին, որ Երևանցին պետք է ունենա շուրջօրյա ջրամատակարարում, ՀՀ մայրաքաղաքում անհրաժեշտ է կատարել կանաչապատման աշխատանքներ, այն վերածել գիտության և մշակույթի կենտրոնի: Հատկապես կարևորվեց Երևանը զբոսաշրջային կենտրոնի վերածելու անհրաժեշտությունը:

Ելույթ ունենալով բազմահազար ունկնդիրների առջև՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը կոչ արեց ներկաներին վստահ կատարել ճիշտ ընտրություն: «Սիրելի երևանցիներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վերջինիս ղեկավար Գագիկ Ծառուկյանը համոզված են, որ Ձեզ ներկայացվող ծրագրային հիմնադրույթների իրականացումը արմատապես կբարելավի մեր կյանքի որակը, կձեւավորի փոխադարձ վստահության մթնոլորտ ժողովրդի եւ քաղաքային իշխանության միջեւ: Սիրելի համաքաղաքացիներ, դա հնարավոր է միմիայն Ձեր օգնությամբ: Տվեք Ձեր ձայնը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ պահանջեք գործ»,- իր ելույթն այսպես ավարտեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը:

Հավաքվածներին իր խոսքն ասաց  նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի երևանցիներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցույթունը միշտ իր խոսքը գործի է վերածել: Վստահեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և պահանջեք գործ: Ձեր վստահության քվեից է կախված լինելու մեր ծրագրերի ամբողջական իրականացումը, երևանցին պետք է համոզված լինի, որ քաղաքը տեր ունի, և այդ տերը հենց ինքն է»,- իր ելույթն ավարտեց պրն. Ծառուկյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջորդ հանդիպումը կայանալու է  Էրեբունի և Նուբարաշեն համայնքների բնակիչների հետ մայիսի 22-ին, Ազատամարտիկների այգում:

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՑՈՒ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Май 15, 2009

Մայիսի 15-ին Ավանի և Նոր-Նորքի բազմահազար բնակիչներ ժամանել էին Գայի արձանի հարևանությամբ այգում՝ ունկնդրելու ԲՀԿ նախընտրական ծրագիրը և ընտրացուցակի ներկայացուցիչների ելույթները: Հանդիպմանը ներկա էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԲՀԿ Քաղխորհրդի ներկայացուցիչներ և այլոք:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և կուսակցության ներկայացուցիչներին ուղղված ողջույնի խոսքին հետևեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար, ԲՀԿ Քաղխորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանի ելույթը: Պրն. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իրեն վստահված բարձր պատասխանատվության համար և նշեց, որ ինքն էլ, ինչպես կուսակցական գործընկերները, միշտ առաջնորդվում է «մեր խոսքը գործ է» սկզբունքով:

Ելույթ ունեցան ԲՀԿ ներկայացուցիչներ, Քաղխորհրդի անդամներ: Հանդիպման ավարտին Ավանի և Նոր-Նորքի բնակիչներին կոչով դիմեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանը: «Մեր առաջադրած թեկնածուները փորձառու են, գիտեն քաղաքի խնդիրները եւ վստահ կարող են պատասխանատվություն ստանձնել դրանք լուծելու համար։ Մենք երաշխավորում ենք, որ վստահելով մեզ՝ մայրաքաղաք Երեւանում կունենանք  առավել պատասխանատու, նաեւ հաշվետու իշխանություն»,-հավաքվածներին դիմեց պրն. Քուշկյանը:

Ողջունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային հիմնադրույթների և հետագա գործունեության մասին: «Մենք պետք է ընտրենք քաղաքային այնպիսի իշխանություն, որը կարող է մասնագիտորեն եւ սրտացավ կերպով լուծել քաղաքի խնդիրները, մշտապես լինել բնակչի կողքին։ Քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի երեւանցու շահերի պաշտպանությունը»,-նշեց պրն. Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 19-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դավիթ Անհաղթի պուրակում: