ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

Декабрь 26, 2009

Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ

- Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը:

- Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալու այս հարցին: Հասկանում եմ այն մեծ ուշադրությունը, որ կա հասարակության մեջ տվյալ խնդրի վերաբերյալ: Իհարկե, որքան էլ պարզաբանումները լինեն մանրակրկիտ, այդուհանդերձ, այդ թեմայի վերաբերյալ թերահավատությունը եւ քննարկումները լինելու են մշտապես:

Անշուշտ, ես որպես պետության առաջատար քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, մշտական ուշադրության կենտրոնում եմ պահում խնդիրը եւ տեղյակ եմ բոլոր զարգացումներին: ԲՀԿ-ն միանշանակ կողմ է երկկողմ հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին, նորմալ տնտեսական, մշակութային, ինչու չէ՝ միջմարդկային հարաբերություններին: Սա, մեծ հաշվով, այլընտրանք չունեցող մոտեցում է: Ես հասկանում եմ նաեւ հարցի ենթատեքստը՝ կա՞ն, արդյոք, մտահոգություններ. իհարկե՝ կան: Բայց, վստահ եմ` իրական մտահոգությունները ստորագրված արձանագրությունների մեջ չեն: Պետք է անկեղծ լինել. դրանք իրենց մեջ չեն պարունակում վտանգավոր որեւէ դրույթ:

Շատ ավելի զգույշ պետք է լինել հետարձանագրային զարգացումների հանդեպ: Մեզ մտահոգում է այն իրողությունը, որ Թուրքիայի իշխանությունները զանազան պատճառաբանություններով ձգձգում են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ չեն շտապում դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործնական քայլեր իրականացնել։ Մեզ չի կարող չմտահոգել մասնավորապես այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարբեր լսարանների համար արված տարբեր հայտարարություններում, փորձում են կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հետ։ Սա մեզ համար, բնականաբար, չի կարող ընդունելի լինել եւ այս իմաստով՝ մեր երկրի քաղաքական եւ դիվանագիտական ներուժը պետք է պատրաստ լինի հակազդելու նման ցանկացած զարգացումներին:

Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ այն պահին, երբ Թուրքիան հայկական կողմի հետ երկխոսության, բանակցության ընթացքում կխոսի որեւէ նախապայմանի մասին, մեզ համար Թուրքիայի հետ բնականոն հարաբերություն հաստատելու խնդիրը կհամարվի փակված։
Այո, մենք պատրաստ ենք բնականոն հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ, բայց հասկանալի է, որ դա չի կարող լինել մեր պետական, ազգային շահերի հաշվին, չի կարող լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հաշվին։

- Վերջին շրջանում որոշակի ակտիվացում է նկատվում նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում։ Աթենքյան հանդիպումից հետո ԼՂ հարցի շուրջ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

- Մեր կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարեւորում է երեք հիմնական սկզբունք. առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ ԼՂՀ ժողովուրդն ազատագրական պայքարի արդյունքում իրացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ ստեղծել իր անկախ պետությունը, ուստի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է։ Երկրորդ՝ ԼՂՀ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենան ցամաքային սահման, քանզի այդ սահմանը եւ կապը Հայաստանի հետ ԼՂՀ անվտանգ գոյության հիմնական երաշխիքն է, եւ երրորդ՝ Ղարաբաղի բնակչությունը պետք է ունենա անվտանգության միջազգայնորեն ընդունված երաշխիքներ։ Ինչ վերաբերում է բանակցային վերջին զարգացումներին, ապա այդ գործընթացի տրամաբանությունը պետք է հանգեցնի ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմանը բանակցային գործընթացում. առանց ԼՂՀ մասնակցության՝ նրա ճակատագիրը չի կարող որոշվել։

Կա տեսակետ, այդ թվում՝ միջազգային մամուլում, որ Հայաստանն աստիճանաբար երես է թեքում Ռուսաստանից դեպի Եվրոպա:

- Այդ հարցադրումն իր մեջ արդեն կանխակալ մոտեցում է պարունակում: Հայաստանն ունի փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ: Կապերը խորանում են բոլոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, մշակութային, գիտական, մարզական եւ այլն: 2008 թվականին հայ-ռուսական երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ծավալը մոտեցավ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանագծին։ Աշխարհում խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչ խոսք, բացասական ազդեցություն ունեցավ երկկողմ ապրանքաշրջանառության եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վրա։ Մենք համոզված ենք, որ բարեկամության, համագործակցության եւ միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու վրա կառուցված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը գալիք տարիներին խորանալու եւ զարգանալու էական ներուժ ունի։ Մենք հնարավոր ենք համարում Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանը: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը որեւէ հակասության մեջ չի մտնում հայ-ռուսական հարաբերությունների հետ: Ռուսաստանն ինքը փորձում է գտնել Եվրոպական Միության հետ համագործակցության առավել խորքային տարբերակներ:

Ի վերջո, Եվրոպան մեզ համար միայն աշխարհագրական տարածք չէ, այն որոշակի արժեքային համակարգ է եւ զարգացման հեռանկար: Ուստի, Եվրոպայի հետ մերձեցումը տալիս է լայն հնարավորություններ. բիզնեսի համար կարող են բացվել նոր շուկաներ, նոր տեխնոլոգիաներ, նոր գործընկերներ: Երիտասարդության համար եւս լայն հնարավորություններ են ստեղծվում ինտեգրվելու համաեվրոպական կրթական ծրագրերին, շփվելու իրենց այլազգի հասակակիցների հետ, ներկայացնելու Հայաստանը եւ նոր գաղափարներ ու արժեքներ բերելու մեր երկիր:

- Պարոն Ծառուկյան, հայ-վրացական հարաբերություններում պարբերաբար նկատվում է լարվածություն. ինչպե՞ս կբնութագրեք այդ հարաբերությունները։

- Հայ-վրացական հարաբերությունները ձեւավորվել են հնագույն ժամանակներից եւ այսօր ստացել են նոր իմաստ եւ բովանդակություն։ Մենք անտարբեր չենք վրացական պետության խնդիրների հանդեպ. Վրաստանի կայուն, ուժեղ եւ ժողովրդավարական լինելը բխում է Հայաստանի շահերից: Հայ-վրացական հարաբերություններում քաղաքական լուրջ հակասություններ չկան, իսկ համագործակցությունն ու գործընկերությունը շարունակական զարգացման միտում ունեն։ Ամեն ինչից անկախ, Հայաստանն իր բեռնափոխադրումների 80 տոկոսը կատարում է Վրաստանի տարածքով։

Միեւնույն ժամանակ՝ մենք դեմ ենք առկա խնդիրները չնկատելուն եւ կոծկելուն։ Վրաստանում ապրում է մեծաթիվ հայկական համայնք, որը վրաց հասարակության անբաժանելի եւ ակտիվ հատվածն է։ Մեզ հետաքրքրում են Վրաստանի հայության սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրները, քանի որ վրացահայությունը մեր երկու հարեւան երկրները միմյանց կապող ուժեղ օղակն է։
Մենք ուշադիր եւ հետեւողական պետք է լինենք Ջավախքում առկա եւ ծագող խնդիրների հանդեպ: Բոլոր մակարդակներով պետք է փորձենք մեր վրաց գործընկերների հետ գտնել ճիշտ լուծումներ, այնպիսիք, որոնք հիմնված կլինեն մարդկային արժանապատվության եւ միմյանց շահերը հարգելու վրա։ Կարծում եմ, դա մեզ հաջողվելու է։

- Պարոն Ծառուկյան, Ձեր գնահատականը ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ ի՞նչ կերպ է այն հնարավոր վերջնականապես հաղթահարել։

- Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող անմասն մնալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Մեր ֆինանսական համակարգի նվազ ինտեգրումը միջազգային բանկային համակարգին, արժեթղթերի շուկայի չկայացվածությունը եւ այլ գործոններ չէին կարող մեզ զերծ պահել ցնցումներից եւ դժվարություններից: Իհարկե, ճգնաժամի սկզբում մեր ինքնավստահությունը մի փոքր անհիմն էր: Այնուհանդերձ, ընթացքում կառավարությունը սկսեց ձեռնարկել հակաճգնաժամային քայլեր, որոնք, անշուշտ, իրենց ազդեցությունը թողեցին։ Ես տարբեր առիթներով ձեւակերպել եմ իմ մոտեցումները. լինելով իրատեսական քաղաքականության կողմնակից, «Բարգավաճ Հայաստանը» քաջ գիտակցում է, որ համաշխարհային գլոբալ ճգնաժամի մեջ Հայաստանը հանդես է գալիս մասնակցի, այլ ոչ թե «խաղի կանոններ» թելադրողի դերում, ուստի իր գործելակերպը պետք է պայմանավորի այն քաղաքականությամբ, որն ուղղված է հնարավորինս փոքր կորուստներով այս ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները քանիցս հնչեցրել են այն կարեւոր սկզբունքներն ու քայլերը, որոնք անհրաժեշտ է որդեգրել այս ժամանակահատվածում. այն է՝ ժամանակավորապես սառեցնել հարկային եւ մաքսային վարչարարության խստացման գործընթացը, սահմանել բյուջետային խիստ կարգապահություն պետական եւ համայնքային ծախսերի նկատմամբ, կրճատել պետության կողմից այն ծախսերը, որոնց արդյունքաստեղծ էֆեկտը փոքր է, հնարավորինս արտոնյալ պայմաններով ներգրավել վարկային միջոցներ, պետական օժանդակություն ցուցաբերել իրական հատվածի այն ձեռնարկություններին, որոնք կարող են ստեղծել եւ պահպանել աշխատատեղեր։ Ես միշտ ասել եմ, որ մենք պետք է նաեւ բարենպաստ պայմաններ եւ միջավայր ապահովենք փոքր եւ միջին ձեռներեցության համար, ինչը շարունակում է մնալ հրատապ խնդիր։ Անկման այն ցուցանիշները, որոնք մենք ունենք, իրապես մտահոգիչ են: Ուստի, 2010-ին եւ հաջորդ տարիներին մեզ սպասում է ծանր աշխատանք՝ որպեսզի կարողանանք վերականգնել եւ առողջացնել մեր տնտեսությունը:

Որեւէ պարագայում չպետք է մոռանալ նաեւ, որ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության փուլում եւ տնտեսական մրցակցությունը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ: Տնտեսությունը պահանջում է էական կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություն: Ազատ մրցակցություն, հավասար խաղի կանոններ բոլորի համար, մենաշնորհների վերացում, հարկային բեռի թեթեւացում փոքր բիզնեսի համար, հովանավորչության էական նվազում. սա է առողջ տնտեսություն ունենալու միակ եւ ճիշտ ճանապարհը։

- Այդուհանդերձ, Ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ՝ մի քանի անգամ դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած նախագծերին:

- Իմ նշած քայլերն առաջին հերթին ուղղված են հենց փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեության խթանմանը՝ ինչը ԲՀԿ-ի համար սկզբունքային ու ծրագրային հարց է, եւ որի կապակցությամբ, լինելով իշխող կոալիցիայի կազմում, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է արտահայտվել ու քվեարկել այն նախագծերին, որոնք հակասում էին նշված քայլերին՝ ապացուցելով կուսակցության սկզբունքայնությունը:

Կարեւոր քվեարկություններից առաջ խմբակցությունում տեղի են ունենում քննարկումներ, եւ հաճախ ես կողմնակից եմ լինում ազատ քվեարկության սկզբունքին: Յուրաքանչյուրը թող քվեարկի ժողովրդին տված իր խոստումների, իր ընտրողների պահանջին համապատասխան: Լինելով քաղաքական կոալիցիայի անդամ, մենք միշտ առաջնորդվել ենք ժողովրդին տված մեր խոստումներով եւ ժողովրդի առջեւ ունեցած մեր պատասխանատվությամբ։

- Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ նախարարների գործունեությունը:

- Իմ բնավորության համաձայն, ես մարդկանցից միշտ պահանջում եմ անել ավելին, քան անում են: Երբեք չի կարելի գոհանալ եւ բավարարվել արդեն արվածով: Ժամանակը միշտ նոր խնդիրներ է դնում: Ես պատգամավորներից պահանջում եմ լինել ակտիվ՝ մասնակցել բոլոր քննարկումներին, խմբակցությունում կազմակերպել քննարկումներ: Խմբակցության պատգամավորների առաջ մշտապես խնդիր է դրվում լինել բաց եւ հասանելի հասարակության, լրատվամիջոցների համար: Թերություններ եւ խնդիրներ, իհարկե, կան: Բայց վստահ եմ, տարեցտարի խմբակցության աշխատանքի որակը կբարձրանա: Տարբեր պատվիրակություններում ընդգրկված մեր պատգամավորներից ես պահանջում եմ առավելագույն նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ:

Յուրաքանչյուրն իր տեղում, իր պատասխանատվության չափով պետք է կարողանա պաշտպանել մեր երկրի շահերն ու հեղինակությունը: Նույնը վերաբերում է ԲՀԿ-ից նշանակված նախարարներին: Ես եւ կուսակցությունը նրանց երաշխավորել ենք ղեկավարել կոնկրետ ոլորտներ: Հետեւաբար՝ նրանցից պահանջվում է արդյունք: Նրանք իրականացնում են նախագահի եւ կառավարության ծրագիրը, եւ միաժամանակ պատասխանատու են կուսակցության առջեւ: Նախարարների աշխատանքը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է: Նրանք պարբերաբար լինում են ինձ մոտ եւ զեկուցում կատարված աշխատանքների մասին: Ես միշտ ասել եմ՝ ինձ համար կարեւորը աշխատանքի որակն է, եւ ով կարող է ապահովել աշխատանքի առավելագույն որակ՝ նա էլ պիտի ստանձնի այս կամ այն պաշտոնը։

- Պարոն Ծառուկյան, Ձեր բարեգործական ծրագրերը ֆինանսական ճգնաժամի պայմաններում արդյո՞ք կնվազեն։

- Տրամաբանորեն պետք է նվազեին. այդպես է ամբողջ աշխարհում: Բայց ինձ մոտ բարեգործության ծավալը ոչ թե չի նվազում, այլ մեծանում է: Ինձ բարեգործությունը հաճույք է պատճառում. դա իմ պարտքն է իմ խղճի եւ Աստծո առաջ: Ես շարունակելու եմ բարեգործական ծրագրերը սոցիալապես խոցելի բոլոր խավերի, բոլոր նրանց համար, ովքեր ունեն օգնության եւ օժանդակության կարիք։ Կան սոցիալական բնույթի խնդիրներ, որոնք պետությունը չի կարող ողջ ծավալով լուծել. չի կարելի միայն գանգատվել միջոցների բացակայությունից ու սպասել, թե պետությունը երբ կհայթայթի միջոցներ: Որպես բարեգործության առանձին ճյուղ, այս տարվա սեպտեմբերից սկսեց գործել «Հեռանկար» ծրագիրը: Սա իր բնույթով դասական, սոցիալական բարեգործություն չէ, այն կոչված է օժանդակել գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտների հեռանկարային զարգացմանը միտված նախագծերին: Թեեւ ծրագիրը գործում է ընդամենը չորս ամիս, բայց արդեն իսկ կատարվել է մեծ աշխատանք: Հաջորդ տարի ծավալները լինելու են ավելի մեծ եւ ընդգրկուն: «Հեռանկար» ծրագիրը, եթե կուզեք, ներդրում է ապագայի մեջ: Ես անհապաղ արդյունքներ չեմ ակնկալում, բայց դրանք արդեն կան։ Օրինակ, մենք օգնեցինք Չինաստան մեկնող աստղաֆիզիկայի օլիմպիադայի դպրոցականների մեր թիմին, իսկ նրանք երկու ոսկե մեդալ բերեցին: Այնպես որ, վստահ ասում եմ, որ բարեգործության ծավալները ոչ միայն չեն նվազելու, այլ մենք սոցիալական բազմաթիվ նոր ծրագրեր ենք կյանքի կոչելու։

- Ձեր եւ կուսակցության արտաքին կապերի ակտիվացումը մամուլում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս:

- Ես, անշուշտ, ծանոթ եմ այն հրապարկումներին, որտեղ իմ այցելությունները արտերկիր, կամ իմ հրավերով արտերկրից տարբեր պատվիրակությունների ժամանումը Հայաստան՝ այլ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Ասեմ, սակայն, որ նույն ԶԼՄ-ներով եղել է թե՛ իրական տեղեկատվություն եւ թե՛ առողջ վերլուծություններ: Չինաստան, Բելառուս, Խորվաթիա, Բուլղարիա, Ռուսաստան, Ուկրաինա կատարած իմ այցելությունների ընթացքում կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գործարարների միջեւ համագործակցության սերտացման, այդ երկրների հետ առեւտրաշրջանառության ավելացման, տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման եւ մի շարք այլ ուղղություններով: Նման այցերն առաջիկայում ավելանալու են: Դրանք կարող են նոր հեռանկարներ բացել հանրապետության տնտեսական զարգացման եւ գործարար միջավայրի բարելավման համար: Դու պետք է նաեւ անձնական վստահություն ունենաս, որպեսզի կարողանաս արտերկրի լուրջ շրջանակներին համոզել, շահագրգռել Հայաստանում ներդրումներ անելու համար: Այն, որ մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ՝ ասում են բոլորը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետք է կարողանալ դրանք ներգրավել, բերել Հայաստան: Համաձայնեք, որ փակ սահմանները եւ 16 տոկոս տնտեսական անկումը լավագույն գրավիչ պայմանները չեն օտարերկրացու համար: Դրա համար պետք է աշխատել, ջանք թափել:

Արտասահմանյան ներդրումները միայն ֆինանսները չեն: Դա նաեւ կառավարման նոր եղանակներն են, արեւմտյան մենեջմենթի եւ գործարարության սկզբունքներն ու չափանիշներն են: Մեր երկրի տնտեսությունն իր բոլոր նրբություններով ես փայլուն գիտեմ: Հավատացնում եմ Ձեզ, որ ֆինանսներից պակաս կարեւոր չեն ժամանակակից մենեջմենթի եւ բիզնես մտածողության հաստատումը մեր երկրում: Բնականաբար, ես տարբեր հրավերներ եմ ունենում նաեւ որպես հայաստանյան առաջատար կուսակցություններից մեկի ղեկավար: Վ. Յանուկովիչի անձնական հրավերով մասնակցել եմ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» համագումարին, Բորիս Գրիզլովի հրավերով Ս. Պետերբուրգում` «Եդինայա Ռոսիայի» համագումարին: Դրանք կարեւոր միջոցառումներ են, որտեղ հնարավորություն կա անմիջական շփումների ժամանակ անկաշկանդ քննարկել մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր: Ինչպես գիտեք՝ ԲՀԿ համագումարին ներկա են եղել մի շարք օտարերկրյա պատվիրակություններ: Սրանք նորմալ եւ բնականոն հարաբերություններ են, որից շահում է միայն մեր պետությունը:

- Անարդարության եւ սեփական երկրում հեռանկար չտեսնելու պատճառով շատ երիտասարդներ հեռանում են երկրից: Երիտասարդությանն առնչվող խնդիրները մեր երկրում բազում են։ Ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները։

- Վստահաբար երկրի առաջնահերթ խնդիրներից մեկը երիտասարդությանն առնչվող ոլորտն է: Նախ՝ պետք է, որ մեր երիտասարդությունը, նոր սերունդը լինի առողջ: Ուշադիր նայեք. բոլոր զարգացած երկրներում սա ամրագրված է որպես կարեւորագույն, ռազմավարական խնդիր։ Ես համոզված եմ, որ երիտասարդության դերը մեր երկրի ապագայի կառուցման գործում շատ մեծ է, քանզի ցանկացած զարգացման ծրագիր, որը մենք կսկսենք իրագործել նույնիսկ այսօր՝ իրականանալու է երկար տարիների ընթացքում եւ դրա պտուղները քաղելու են այսօրվա պատանիներն ու երիտասարդները։ Այդ իսկ պատճառով, պատրաստված, կիրթ եւ անպայման առողջ երիտասարդը վաղվա Հայաստանում դրության տերն է լինելու։ Սա ռազմավարական խնդիր է եւ պահանջում է լուրջ պետական մոտեցում՝ թե՛ ֆինանսական հատկացումների, թե՛ ընդհանուր մթնոլորտի ձեւավորման համար: Եթե սերունդը չեղավ ֆիզիկապես առողջ, գրագետ, կիրթ, ապա մնացած բոլորը հարցերը կդառնան երկրորդական: Հաջորդ խնդիրն այն է, թե ինչ արժեքների վրա են ձեւավորվում երիտասարդները: Դրանով հնարավոր կլինի պատկերացնել, թե ինչ պետություն ենք ունենալու 10-20 տարի հետո: Լինելու ենք աշխարհին համահո՞ւնչ, թե՞ լինելու ենք փակ ու գավառամիտ: Երիտասարդներին հայրենիքում պահելու համար չափազանց կարեւոր է ազատ մրցակցության պայմանը: Լավ մասնագետը, գիտելիքներ ունեցողը պետք է հարթի իր ճանապարհը՝ անկախ որեւէ օժանդակությունից: «Բարգավաճ Հայաստանում» դա ոսկե օրենք է. առաջ է գնում միայն պատրաստված, գործին ու թիմին նվիրված մարդը: Ինձ մոտ այդպես է թե՛ կուսակցությունում, թե՛ բիզնեսում: Ես ամեն ինչի հասել եմ բացառապես իմ կամքի ու աշխատանքի շնորհիվ, եւ այսօր ես ուզում եմ, որ այդ հնարավորությունը ունենան բոլոր շնորհալի երիտասարդները, որովհետեւ նրանք են մեր վաղվա օրվա հենասյուները:

- Պարոն Ծառուկյան, 2010 թվականի համար Ձեր հիմնական ցանկությունները:

- Իմ ցանկությունը մեկն է՝ Հայաստանում վերահաստատվի կայունությունն ու ներհասարակական համերաշխությունը։ Հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գտնել ճիշտ հարաբերվելու, ինչու չէ՝ արդարացի ու հիմնավոր քննադատելու, բայց ոչ երբեք թշնամանքի ու վիրավորանքի ուղիները: Մենք պետք է սովորենք լսել ու հարգել միմյանց. այլ ճանապարհ գոյություն չունի:


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»

Декабрь 21, 2009
Աղբյուր՝ «Դե Ֆակտո» ամսագիր

- Պարո՜ն Ծառուկյան, Դուք ղեկավարում եք Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ինչպե՞ս կգնահատեիք տարին կուսակցության համար:

- Այո՜, լինելով քաղաքական դաշտի երիտասարդ կուսակցություններից` միանշանակ է, որ այսօր «Բարգավաճ Հայաստանը» Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերից է։ Մենք երկրորդ քաղաքական ուժն ենք Հայաստանում և մեր կոալիցիոն գործընկերների հետ իրականացնում ենք երկրի զարգացման միասնական քաղաքականությունը:

2009թ.-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար քաղաքական օրակարգի առումով բավականին հագեցած ժամանակահատված էր: Տարեսկզբին տեղի ունեցավ մեր կուսակցության հերթական` չորրորդ համագումարը, որին հրավիրվածների կարգավիճակով մասնակցեցին հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի, ինչպես նաև մեր արտասահմանյան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարը նախանշեց կուսակցության ապագա երկու տարիների համար նախատեսված նոր ռազմավարությունը, որի հիմնական ուղղություններ հռչակվեցին կուսակցական շինարարության արդյունավետության բարձրացումը, կուսակցության երիտասարդականացումը, սերնդափոխությունն ու երկրի սոցիալ-քաղաքական կյանքին առավել ակտիվ մասնակցության քաղաքական գործելաոճը:

2009թ.-ին հայաստանյան քաղաքական ուժերի համար որոշակի առումով փորձաքար դարձան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որին իր համամասնական ցուցակով մասնակցեց «Բարգավաճ Հայաստանը»: Պետք է փաստեմ, որ մենք զգալիորեն բարելավել ենք մեր դիրքերը մայրաքաղաքում: Կուսակցությունն այդ ընտրություններում հավաքեց ընտրողների շուրջ 23%-ի ձայները և այսօր Երևանի ավագանիում 17 մանդատով ձևավորել է առանձին խմբակցություն: Ընդամենը 2 տարվա ընթացքում մենք մայրաքաղաքում կարողացել ենք բարելավել մեր դիրքերը 8%-ով, իսկ դա նկատելի առաջընթաց է: Ինչպես գիտեք, մենք ներկայացրել էինք Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր ծրագիրը և Երևանի ավագանիում մեր լիազորությունների շրջանակում բարձրացնելու ենք բոլոր այն հարցերն ու հիմնախնդիրները, որոնք այսօր հուզում են երևանցուն։ Մեր կարգախոսը շատ պարզ է՝ «Մեր խոսքը գործ է», և բարգավաճ ու բարեկեցիկ երկիր ունենալու համար մեր ամենօրյա աշխատանքում մենք առաջնորդվում ենք հենց ա’յդ կարգախոսով։

Միջկուսակցական համագործակցության առումով ևս տարին հագեցած էր: Մեր կուսակցության պատվիրակությունը մասնակցեց ԲՀԿ գործընկեր կուսակցությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Ուկրաինայի ռեգիոնների» և համառուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների համագումարներին: Տարվա ընթացքում եղան փոխադարձ մի շարք այլ այցելություններ ևս: Ուստի, ամփոփելով անցնող տարին, կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստանի» համար տարին, իրավամբ, դրական էր։ Մեկ բան անհերքելի է. այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայաստանյան քաղաքական դաշտի լրջագույն ուժերից է և վստահելի ու կայուն գործընկեր՝ արտերկրի բազմաթիվ ազդեցիկ կուսակցությունների համար։ Սրան մենք հասել ենք մեր աշխատանքով, որի նպատակը մեկն է՝ մեր երկիրը բարգավաճ ու բարեկեցիկ տեսնելը։

-Քաղաքական կոալիցիա և «Բարգավաճ Հայաստան». ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը կոալիցիայի ներսում:

-Կոալիցիոն պարտավորությունները մենք ստանձնեցինք 2007թ.-ի խորհրդարանական և 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` նպատակ ունենալով երաշխավորել Հայաստանի առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում հաղթահարել ներհասարակական անվստահությունն ու հաստատել հասարակական համերաշխության մթնոլորտը: Կարծում եմ, որ այս գերակա սկզբունքները մեզ համար այսօր էլ առաջնային են, և կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում մենք այսօր էլ ակտիվորեն համագործակցում ենք մեր մնացած գործընկերների հետ: Ես միշտ ասել եմ, որ չկա այնպիսի հարց, որ հնարավոր չլինի անգամ քո քաղաքական ընդդիմախոսի հետ քննարկել փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում։ Մենք պետք է ձգտենք մեր քաղաքական մշակույթը հղկել, և դրա ճանապարհը հասարակական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումն է։

Նշեմ նաև, որ կոալիցիոն կառավարության ծրագրում տեղ գտան մեր նախընտրական ծրագրի հիմնական առանցքային դրույթները, որը ևս լուրջ հիմք հանդիսացավ մեր` կոալիցիայի կազմում ընդգրկվելու համար:

Ընդհանրապես, պետք է ասեմ, որ քաղաքական կոալիցիան աշխատող, առողջ և կենդանի օրգանիզմ է, ուստի բնավ պարտադիր չէ, որ բոլոր հարցերն այնտեղ ընդունվեն միաձայն և միակարծիք։ Մենք միշտ էլ մեր սկզբունքային դիրքորոշումն ենք հայտնել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ունեցել ենք հատուկ վերաբերմունք: Այս պահին կոալիցիայի ներսում հաստատված են նորմալ, գործնական և աշխատանքային հարաբերություններ. մենք մեր տեսակետները հայտնում ենք բաց և հրապարակային, օրենսդրական ճանապարհով աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ծրագրին, միաժամանակ, սկզբունքային ենք այն հարցերում, որտեղ մեր տեսակետները տարբերվում են կոալիցիոն գործընկերների տեսակետներից։ Եվ սա նորմալ քաղաքական մշակույթ է։

«Բարգավաճ Հայաստանն» այսօր ունի լուրջ դերակատարություն երկրի քաղաքական կյանքում և պատրաստ է ստանձնելու է’լ ավելի լուրջ պատասխանատվություն՝ երկրի քաղաքական կառավարման գործընթացում:


-2009թ.-ի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր խնդիրներից մեկը, թերևս, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր: Ի՞նչ դիրքորոշում ունի կուսակցությունն այդ հարցի ուղղությամբ:

-Համաձայն եմ, որ վերջին ամիսների Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հիմնահարցերից, թերևս, առաջինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Այս ամիսների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հիմնահարցին: Մասնավորապես, երբ օգոստոսի 31-ին հրապարակվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, ընդհանուր առմամբ, կողմ արտահայտվեց ՀՀ նախագահի՝ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությանը: Հարկ եմ համարում հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվում է իր ծրագրային հիմնադրույթներում ամրագրված այն մոտեցումով, համաձայն որի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության մասնակցության չափն ու ուղենիշերը պայմանավորված պետք է լինեն ազգային, պետական իրատեսական շահերով: Միաժամանակ, կուսակցության դիրքորոշման համաձայն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի:

Առաջնորդվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական-ծրագրային վերոնշյալ հիմնադրույթներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների կապակցությամբ մենք դրական համարեցինք այն, որ
1. hրապարակված փաստաթղթերում, ընդհանուր առմամբ, արտացոլված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԲՀԿ մոտեցումները, որոնք ընկած են նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում:

2. Մենք այսօր էլ վստահ ենք, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: Մեզ համար ընդունելի էր նաև այն, որ նախաստորագրված արձանագրություններում բացակայում էր որևէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, որպես նախապայման, թուրքական կողմը բազմիցս ներկայացրել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ:

3. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ էինք համարում նաև հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտար կառավարական ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քանզի, այո’, այդ հանձնաժողովի քննարկման առարկա կարող է դառնել միայն մեկ հարց՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

Կրկնում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ մեզ համար առանցքային են համարվում երկու կարևոր կանխադրույթներ: Առաջին՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չի կարող իրականանալ Հայոց ցեղասպանության մերժման հաշվին, և երկրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապակցվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Սա էր մեր դիրքորոշումը ամիսներ առաջ և այսօր էլ մնում է նույնը: Եթե Թուրքիան խախտի ձեռք բերված պայմանավորվածություններն ու փորձի կապակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերոնշյալ կանխադրույթներից որևէ մեկով, ապա մեզ ոչինչ չի մնում անելու, քան դուրս գալ այդ գործընթացից:

-Պարո’ն Ծառուկյան, գաղտնիք չէ, որ 2009թ.-ն անցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմագրավելու ռազմավարության համատեքստում: Ինչպե՞ս ազդեց ճգնաժամը Ձեզ վրա, և ի՞նչ կոնկրետ քայլեր ձեռնարկեցիք Դուք:

-Բնականաբար, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաև մեր երկրի և հատկապես տեղական արտադրողների վրա: Հայկական ապրանքների համար ավանդական համարվող շատ շուկաներ այսօր ճգնաժամի մեջ են, այդ իսկ պատճառով էլ արտահանման ծավալները կրճատվել են: Սակայն հուսահատվելու պատճառ ես չեմ տեսնում: Փորձում ենք ակտիվացնել մեր կապերը ԱՊՀ տարածքի, արևելաեվրոպական երկրների, լայն թափով զարգացող չինական շուկայի հետ: Դրա հետ մեկտեղ, որպես գործարար, ես ինձ համար մի սկզբունք եմ որդեգրել. ինչքան էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր ու երկար տևի, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ինձ պատկանող ձեռնարկություններում կրճատումներ չլինեն: Սա սոցիալական պատասխանատվության բեռ է, որը, իմ կարծիքով, յուրաքանչյուր գործարար պետք է որոշ չափով վերցնի իր ուսերին, քանզի չի կարելի ամեն ինչ թողնել բացառապես պետության ուսերին։ Այսօր ինձ պատկանող ձեռնարկություններում ներգրավված են ավելի քան 20 000 աշխատողներ, և կրճատումների դեպքում դա կարող է շատ ծանր անդրադառնալ ինչպես այդ ընտանիքների, այնպես էլ պետության վրա: Ուստի, կրկնում եմ՝ թեկուզ կրելով վնասեր` այդ ձեռնարկություններից և ոչ մեկում աշխատատեղի կրճատում չի լինելու։ Մեկ բան պարզ է. ձեռքերը ծալած նստել և սպասել, թե երբ է այս ճգնաժամն ավարտվելու, անթույլատրելի է: Տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումը պահանջում է ուժերի գերլարում։ Եվ միայն պետության, հասարակական-քաղաքական ուժերի և բիզնես սեկտորի համատեղ ջանքերով է հնարավոր արագ ու շուտափույթ դուրս գալ ստեղծված իրավիճակից։  Պետությունն իր հերթին, մեր երկրի գործարար աշխարհն իր հերթին ամեն ինչ անելու են, որպեսզի ճգնաժամը նվազագույն կերպով ազդի մեր ժողովրդի և ազգաբնակչության վրա:

-Լինելով ՀԱՕԿ-ի նախագահը` ինչպե՞ս կբնութագրեիք տարին հայկական սպորտի համար:

-Հայկական սպորտի վերջին տարիների հաջողություններն ակնհայտ են: Իսկ դա արդյունք է միայն հետևողական և տքնաջան աշխատանքի: Ես գլխավորում եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2004թ.-ից և այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեմ խնայել հայկական սպորտի երբեմնի փառքը վերականգնելու համար: Ես միշտ ասել եմ՝ որևէ ոլորտում հաջողության հասնելու համար, նախևառաջ, պետք է պայմաններ ստեղծել, ապահովել մեր մարզիկների համար մարզումների և բարձր արդյունքների հասնելու համապատասխան պայմաններ: Բացի պայմաններ ստեղծելուց, մենք կիրառում ենք նաև խրախուսման մեխանիզմներ: Եվրոպայի և աշխարհի առաջնության մեդալակիրները ստանում են դրամական պարգևներ, մեքենաներ, ամենամսյա թոշակներ: Պետք է արձանագրեմ, որ եթե 90-ական թվականներին շատ մարզիկներ մեկնեցին երկրից պայմաններ չլինելու և չգնահատվելու պատճառով, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ես վերջերս հրապարակավ հայտարարեցի, որ պատրաստակամ եմ Հայաստանում լավագույն պայմաններ ստեղծել արտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցների համար, որոնք պատրաստ են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և աչքի են ընկել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Ես ուրախ եմ, որ արտերկրում ապրող մեր շատ հայրենակիցներ ցանկություն են հայտնում վերադառնալ հայրենիք, հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը: Մենք ամեն կերպ խրախուսում և օգնում ենք այդ մարդկանց քաղաքացիություն տալու, բնակարանային պայմանները բարելավելու և այլ հարցերում: Այդ բոլորի առկայության դեպքում արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Ես այսօր ուրախ եմ, որ հայկական սպորտը նոր շնչառություն է ստացել, մենք տարեցտարի արձանագրում ենք նոր հաջողություններ: Մեր օլիմպիականները հաջող հանդես եկան 2008թ.-ի Պեկինի օլիմպիական խաղերում, նվաճեցին 6 մեդալ: Սակայն ես կարծում եմ, որ դա մեր հնարավորությունների սահմանագիծը չէ: Ասվածի վկայությունն են 2009թ.-ի ընթացքում մեր մարզիկների ցուցադրած մարզական արդյունքերը: Ընդհանուր առմամբ, այս տարի մենք միայն Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ նվաճել ենք շուրջ 135 մեդալ: Ամենաուրախալին ինձ համար ծանրամարտի աշխարհի առաջնությանը հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի նվաճած ոսկե մեդալն էր: Երկար տարիներ մենք օլիմպիական մարզաձևերից ոսկե մեդալներ չունեինք: Այս արդյունքները մեզ լուրջ հույսեր են ներշնչում: Գալիք՝ լոնդոնյան օլիմպիական խաղերին մեր ակնկալիքներն ավելի մեծ են լինելու, իսկ դրա համար ես ոչ մի բան չեմ խնայելու:

-Պարո’ն Ծառուկյան, Դուք հայտնի եք մեր հասարակությանը նաև Ձեր իրականացրած լայնամասշտաբ բարեգործական ծրագրերով: Ինչո՞վ առանձնացավ տարին այս առումով:

-Այո’, ես զբաղվում եմ բարեգործությամբ. դա իմ կենսակերպն է: Եթե ինձ Աստված շատ է տվել, ապա ես էլ, իմ հերթին, իմ ունեցածի մի մասը պարտավոր եմ վերադարձնել իմ ժողովրդին, այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Այս տարվա բարեգործական ծրագրերի մեջ հատկապես առանձնացան երիտասարդական նախաձեռնությունների խրախուսման, ուսանողների աջակցության ծրագրերը: Ինձ համար իսկապես կարևոր է մեր կարիքավոր երիտասարդությանը նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելը: Երիտասարդներն են երկրի ապագան: Ես այն կարծիքին եմ, որ ոչ մի շնորհալի երիտասարդ չպետք է զրկված լինի սովորելու հնարավորությունից՝ գումար չլինելու պատճառով: Ես փորձում եմ, որքան հնարավոր է, օգնել նրանց ուսման վարձերի զեղչման, ուսանողական անվճար ավտոբուսների տրամադրման հարցերում: Այս տարի ես մեր բարեգործական հիմնադրամի միջոցներից գումարներ հատկացրի Հայաստանի մի շարք բուհերի ուսանողների վարձերի զեղչման, տարաբնույթ ուսանողական միջոցառումների իրականացման համար: Սակայն այստեղ պետք է նաև պետության համապատասխան ռազմավարություն մշակել, երիտասարդներին տրամադրել ուսանողական երկարաժամկետ վարկեր, որպեսզի նրանք կարողանան սովորել, կրթություն ստանալ, իսկ արդեն աշխատանքի անցնելուց հետո աստիճանաբար վերադարձնել այդ վարկերը: Եվ ես հանձնարարել եմ խորհրդարանական մեր խմբակցությանը՝ օրենսդրորեն կարգավորել այդ խնդիրները և հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով։ Իհարկե, մեր բարեգործական ծրագրերից դուրս չեն մնում նաև տարեցներն ու թոշակառուները, սոցիալական խոցելի խմբերը: Հասարակության խոցելի շերտն ունի հատուկ ուշադրության և հոգածության կարիք և ոչ միայն նյութական, այլ նաև ուշադրության, հարգանքի ու մեծարանքի: Այսքանը, թերևս, բավական է, ես չեմ սիրում շատ խոսել այս թեմայով, նախընտրում եմ ավելի շատ գործով օգնել:

-2009թ.-ի ընթացքում Դուք արժանացաք նաև տարբեր պարգևների և կոչումների: Դրանցից ո՞րն է հատկապես թանկ Ձեզ համար:

-Դրանք բոլորն էլ թանկ են ինձ համար, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնակի խորհուրդն ու նշանակությունը: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ իր կյանքում, իր գործունեության ընթացքում պետք է որոշակի հետք և ուրույն ձեռագիր թողնի: Կյանքում ամեն ինչ անցողիկ է, և Աստծո կողմից մեզ տրված ժամանակաշրջանը պետք է այնպես ապրել, որ գոնե մի քանի սերունդներ հիշեն քեզ ու քո թողած գործերը: Ամեն մարդ էլ իրեն լավ է զգում, երբ իր կատարած աշխատանքը գնահատվում է ժողովրդի, հասարակության ու շրջապատի կողմից: Իմ ստացած պարգևները ևս մեկ անգամ պարտավորեցնում են ինձ շարունակել իմ ընտրած ուղին` իմ հայրենիքին ու իմ ժողովրդին անմնացորդ ծառայելու ճանապարհը:

-Շատերն են Ձեզ համարում հաջողակ անձնավորություն: Իսկ կասեք, թե որ՞ն է Ձեր հաջողությունների բանաձևը:

-Ես կյանքում հասել եմ ամեն ինչի և այդ առումով ինձ համարում եմ լիովին հաջողակ անձնավորություն: Ունեմ լավ ընտանիք, ծնողներ, hավատարիմ ընկերներ ու բարեկամներ: Ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ հողն ու ջուրը: Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել: Նկատել եմ, որ արտաքին շքեղության տակ թաքնված է մարդկային սառնությունն ու անտարբերութունը: Իսկ Հայաստանում ես զգում եմ տաքություն ու ջերմություն: Այո’, իսկապես, իմ ընտանիքն ինձ տվել է ջերմություն, հարգանք դիմացինի նկատմամբ, բարություն և գթառատություն, բիզնեսը՝ ճշտապահություն, արագ կողմնորոշվելու և վճռական գործելու ունակություն, իսկ քաղաքականության մեջ ես աշխատում եմ հենց այդ հատկանիշներով առաջնորդվել: Այդպիսի համատեղությունը լիովին բավարար է մարդուն` երջանիկ ու անհոգ ապրելու համար: Իսկ իմ հաջողությունների բանաձևը պարզ է. կամք, ձգտում և աշխատասիրություն: Կյանքում անհնարին ոչինչ չկա, պետք է միայն հավատալ սեփական ուժերին, մինչև վերջ նվիրվել սիրած գործին, և, իհարկե, առանց Աստծո ցանկության ոչինչ չի լինում: Աստված եթե կամենա, ուրեմն մարդուն կտա, սակայն ճիշտ չօգտագործելու դեպքում կարող է վայրկենական խլել ամեն ինչ: Եվ ամենակարևորը, ես լավատես եմ մեր երկրի փայլուն ապագայի, նրա հզորացման և բարգավաճման հարցում և իմ ուժերի ներածին չափ նպաստելու եմ այդ նպատակների շուտափույթ իրականացմանը:

ԴԵ ՖԱԿՏՈ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
exclusive


ՀԱՅԿ ԱԿԱՐՄԱԶՅԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Ноябрь 30, 2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Հայկ Ակարմազյանի հարցազրույցը «Պոստ Սկրիպտում» հասարակական-քաղաքական ամսագրին

-Պարոն Ակարմազյան, երկար տարիներ զբաղվել եք ուսանողական ինքնավարության զարգացմամբ, երիտասարդական-հասարակական գործունեությամբ: Ի՞նչ հաջողություններ ունեք, ի՞նչ խնդիրներ կան այսօր:

Ղեկավարել եմ Հայաստանի խոշորագույն բուհերից մեկի՝ Ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը և կարծում եմ, որ ուսանողական ինքնավարությունը կարելի է համարել կայացած: Ի դեպ, այս տարի լրանում է մի շարք բուհերի ուսխորհուրդների հիմնադրման 15-ամյակը, որի առթիվ շնորհավորում եմ:

Ամենամեծ հաջողությունն այն է, որ այսօր երիտասարդն ու ուսանողները ինքնադրսևորվելու ավելի շատ հնարավորություններ ունեն: Հասկանում են, որ իրենցից ուժ են ներկայացնում, չունեն կրավորական կեցվածք կարևոր հարցերում: Ունենք բազմաթիվ կազմակերպություններ, կա պետական որոշակի աջակցություն:

Այդուհանդերձ, խնդիրները շատ են, այլախոհությունն ու բազմակարծությունը միշտ չէ, որ խրախուսվում են, չկա հանդուրժողականության մթնոլորտ, փոխարենը կա մեծ բևեռվածություն: Ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների առատությունը չի լուծում անսպառ խնդիրները, առաջնորդները միշտ չէ, որ իրենց թիկունքում ունեն ուսանողների և երիտասարդության աջակցությունը: Ամենագլխավոր խնդիրն այն է, որ մեր կազմակերպությունները չեն անդամակցում ամենամեծ ու հեղինակավոր ուսանողական կառույցին՝ «Եվրոպական երիտասարդական ֆորումին», որի ուղղությամբ էլ այսօր մենք տանում ենք աշխատանքներ:

-Ունեք հաջողություններ գիտության բնագավառում: Ո՞ր ոլորտին են վերաբերում Ձեր աշխատանքները:

-Անցյալ տարի պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն՝ «Տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի գնահատման տեղեկատվական համակարգի մշակում» թեմայով, ստացա տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքներս վերաբերում են արդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական իրավիճակների գնահատման տեղեկատվական համակարգի, կանխագուշակման խնդիրների և վերլուծությունների մեթոդաբանության մշակմանը: Ունեմ առանձին գիտական հոդվածներ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ:

-Շարունակելո՞ւ եք զբաղվել գիտությամբ:

Շրջակա միջավայրի պաշտպանության, բնապահպանության հետ, կարծում եմ, առնչվում է ցանկացած մարդ: Հետաքրքրվում եմ գիտական նորամուծություններով այս ոլորտում: Պատրաստվում եմ դասավանդել:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:

-Ստացվեց, որ հասարակական գործունեության արդյունքում իմ և ընկերներիս շուրջ համախմբվեցին բազմաթիվ ուսանողներ տարբեր բուհերից: Համախմբված ուսանողական ներուժը լուծում էր շատ խնդիրներ, միևնույն ժամանակ պարտավորեցնում ճիշտ ճանապարհով տանել այն կառույցները, որոնց հետ ես առնչություն եմ ունեցել: Հետագայում, երբ մենք ավարտեցինք ուսումնառությունը, առաջացավ անհրաժեշտություն լիիրավ մասնակցելու քաղաքական գործընթացներին և որոշումների կայացմանը: Որոշեցինք ներդնել մեր մասնագիտական, կազմակերպչական հմտությունները ուսանողական, երիտասարդական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար՝ ի նպաստ երկրի զարգացման:

-Դուք առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի Քաղաքական խորհրդի անդամ եք: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս կուսակցությունը:

-ՀՀ-ում չկա և դժվար է պատկերացնել մի կուսակցություն, որն ուզում է մեր երկրի հետընթացը: Բոլոր կուսակցություններն էլ ունեն գործնականում միանման նպատակներ: Հզոր ու զարգացած երկրում ապրել ցանկացող անհատ երիտասարդն ու ուսանողն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք հավատ են ներշնչում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ: Նշեմ դրանցից մեկը. երիտասարդը պետք է ունենա ինքնադրսևորման հնարավորություն: Ոչ թե խոսքով: Այդպիսին է երկրի ապագայով մտահոգ ուժեղ ղեկավարի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտեցումը, որի կարիքն այսօր իրոք երիտասարդն ունի: «Իմ խոսքը գործ է» սկզբունքով պարոն Ծառուկյանը առաջնորդվում է հասարակական, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ սկզբունքը որդեգրել է նաև ողջ կուսակցությունը, որով էլ ԲՀԿ-ն տարբերվում է մյուսներից:

-Ի՞նչ կավելացնեք որպես վերջաբան:

-Շնորհակալություն հարցազրույցի համար: «Պոստ Սկրիպտումին»՝ անսպառ նյութեր, հրատարակման երկար տարիներ ու անաչառ գրիչ: Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ուսանողությանը, պրոֆեսորներին, դասախոսներին Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ ուսանողները ճիշտ օգտագործեն իրենց ուսումնառության ժամանակահատվածը, կուտակեն գիտելիքներ, լինեն ակտիվ և նախաձեռնող, պատասախանատու երկրի ապագայի նկատմամբ:


ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆԸ

Октябрь 24, 2009

Gagik-Tsarukyan-AbovyanՀոկտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում կայացավ  Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին և Աբովյան քաղաքի հիմնադրման 46-ամյակին նվիրված տոնախմբությունը: Միջոցառմանը հրավիրված էր ԲՀԿ նախագահ, բարեգործ Գագիկ Ծառուկյանը:

Տոնախմբությունը մեկնարկեց Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված քաղաքի մուտքի նորակերտ կոթողի բացումով:  Այնուհետև Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ուղևորվեց դեպի քաղաքի նորակառույց մանկական  զբոսայգի: Կայացավ մանկական զբոսայգու բացման արարողությունը, այն վերանորոգվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Իսկ ժամը 15:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց համաքաղաքային տոնախմբությունը, որը եզրափակվելու է մեծ համերգով, խաղարկությամբ և հրավառությամբ:


ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒԼՈՅԱՆ «ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՄ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԾԱՌ ՏՆԿԵԼՈՒ, ՈՐԴԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

Сентябрь 24, 2009

Աղբյուր՝ «Պոստ Սկրիպտում» հասարակական-քաղաքական ամսագիր

Karo-Guloyan- Պրն. Գուլոյան, դեռ մեկ տարի չի անցել, ինչ քաղաքապետ եք: Ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ կարող եք հիմա արձանագրել:

- Մենք ամեն ինչ անում ենք աբովյանցիների բարեկեցիկ կյանքի համար: Մասնավորապես այս տարվա ընթացքում լուծել ենք աղբահանության,  լուսավորության խնդիրները, վերանորոգել ենք բազմահարկ շենքերի վերելակները: Այս տարվա ծրագրերում աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ դրույթներ կան: Անելիքներ միշտ էլ կան ու կլինեն: Քաղաքի հետ կապված փոփոխությունները տեսանելի են: Աբովյան քաղաքը կարճ ժամանակահատվածում կերպարանափոխվել է, աշխուժացել:

- Դուք քաղաքապետ եք ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Որքանո՞վ են ձեր գործողությունները համահունչ ԲՀԿ ծրագրերին:

- Իմ բոլոր քայլերը, գործողությունները բխում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ծրագրերից: Որպես կուսակցական՝ ես կրում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեր համայնքում իրականացվելիք սոցիալ-տնտեսական և մշակութային բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման հիմնական պատասխանատվությունը:

- Իսկ ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Աբովյան քաղաքը:

- Աբովյանն իմ ծննդավայրն է, դրանով իսկ ամեն ինչ ասված է: Քաղաքի հետ կապված յուրաքանչյուր թերություն, բացթողում ես անմիջապես վերագրում եմ ինձ: Այդպես եղել է, կա ու կլինի:

- Աբովյանը որպես մայրաքաղաքին մոտ քաղաք` որքանո՞վ է կրում Երևանի ազդեցությունը:

- Իհարկե, նման ազդեցություն կա, չէ՞ որ մենք Երևանին ամենամոտ գտնվող քաղաքն ենք: Այդ ազդեցությունը ես ընկալում եմ միաժամանակ և՜ դրական, և՜ բացասական երանգավորմամբ: Դրականն այն է, որ մեր բնակիչը կարողանում է ապրել Աբովյանում ու միաժամանակ աշխատել մայրաքաղաքում: Բացասական կողմ էլ կա. մենք դեռ չենք հասցրել մեր երիտասարդների համար ստեղծել այն բոլոր պայմանները, որոնք թույլ կտային վերջիններիս հենց քաղաքում կազմակերպել իրենց հանգիստը: Դրա համար էլ նրանք նախընտրում են Երևանը: Այդ խնդիրն էլ ենք պատրաստվում լուծել: Կինոթատրոն ենք բացելու, գործելու է մշակութային ստեղծագործության կենտրոնը, զբոսայգին:

- Կադրեր ընտրելիս ինչո՞վ եք առաջնորդվում: Ի՞նչն է կարևոր Ձեզ համար գործնական հարաբերություններում:

- Անգամ քարոզարշավի ընթացքում եմ ամրագրել, որ ինձ համար գոյություն չունի «բարեկամ, խնամի, ծանոթ» բանաձևը: Ինձ հետ աշխատող մասնագետը պետք է աշխատասեր լինի, խելացի, անգամ կուսակցական պատկանելությունը ինձ համար երկրորդական է դառնում, եթե մասնագետի որակներն ինձ բավարարում են: Ինձ համար առաջնային է այն, որ այդ մասնագետը կարողանա իր մասնագիտական և մարդկային որակները ծառայեցնել ժողովրդի շահերին: Ինձ համար կարևոր է բնականոն աշխատանքի փաստը:

- Ինչպե՞ս է իրականանում մարդկանց հետ Ձեր շփումը:

- Բնական է, մեր հասարակության մեջ կարծրատիպ կա, որ պաշտոնյայի մոտ գնալը մինչև ընդունարանն է հնարավոր, այնինչ մենք ամեն ինչ անում ենք նման մտածելակերպը հաղթահարելու համար: Մենք նույն ժողովրդից ենք, աշխատում ենք նրանց համար: Ժողովրդին անհրաժեշտ է ընդունել, լսել, նրա հարցերը լուծել, օգտակար լինել ուժերի ներածի չափով: Եթե ինչ-որ հարցում օգնել չենք կարողանում, անպայման ընդունելի ճանապարհ ենք ցույց տալիս, բացատրում: Մարդկանց աչքերին պետք է շիտակ նայել, ճշմարիտ ու ազնիվ լինել:

- Իսկ հասարակական կարծիքի հետ հաշվի նստո՞ւմ եք և՜ որպես մարդ, և՜ որպես քաղաքացի:

- Անպայման, հակառակ դեպքում անիմաստ կլիներ ընդհանրապես աշխատելը: Մեր գործունեությունը բխում է այդ հասարակության շահերից, և եթե հաշվի չնստես նրա կարծիքի հետ, չես կարող իմանալ, թե ինչի կարիք ունի նա: Եթե որպես քաղաքապետ անպայման հաշվի եմ նստում հասարակական կարծիքի հետ, ապա որպես մարդ ուղղակի պարտավոր եմ նման կերպ վարվել:

- Պրն Գուլոյան, կյանքում հաջողության ի՞նչ բանաձև կառաջադրեք, ի՞նչ կարգախոս եք որդեգրել:

- Կարգախոս, իհարկե, ունեմ: Ես այն ընկալում եմ առաջին հերթին իբրև հայ տղամարդուն բնութագրող գիծ` չստել, ասել միայն ճշմարտությունը՝ թեկուզև սխալվելու գնով: Անձնականի մասին եթե խոսելու լինեմ, կասեմ, որ պահպանում եմ տուն կառուցելու, ծառ տնկելու, որդի ունենալու սկզբունքը: Նպատակներիս իրագործման ճանապարհին եմ:

- Իբրև հայ տղամարդ և որպես ՀՀ քաղաքացի` ինչպե՞ս եք վերաբերվում եվրոպական գաղափարներին, մոտեցումներին, որոնք անարգել թափանցում են մեզ մոտ:

- Նայած, թե որ գաղափարների ու մոտեցումների մասին է խոսքը: Անհրաժեշտ է դրանք հստակ տարբերակել, որովհետև կան բաներ, որոնք իսկապես դուր են գալիս: Դա կենցաղն է, մշակույթը, ապրելակերպը: Այնուամենայնիվ կան բաներ, որոնք մեզ հարիր չեն նույն աշխարհայացքի պատճառով: Նման բաները մենք ուղղակի իրավունք չունենք ընդունել:

- Մենք աշխարհին հայտնի ենք իբրև պետություն, որի համար առաջնահերթ են ընտանիքը, ընտանեկան հարաբերությունները: Ինչպե՞ս եք նայում դրան:

- Ամուր ընտանիքը պարծանքի աղբյուր է: Ցանկացած տեղ, աշխարհի ցանկացած կետում մենք կարող ենք մեր ընտանեկան դրվածքը ներկայացնել իբրև մեզ բնութագրող առանձնահատկություն: Արտասահմանում երեխային պահում են մինչև որոշակի տարիք, մինչդեռ մենք հնարավորությունների սահմաններում ձգտում ենք մեր երեխաներին օգտակար լինել ողջ կյանքի ընթացքում: Հայ տղամարդը կարող է 60 տարի աշխատել, մի օր չհանգստանալ և ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը: Այլ կերպ է արտասահմանում:

-Ինչպիսի՞ն է եղել ձեր մանկությունը, ի՞նչ կցանկանայիք հետ բերել մանկությունից:

- Շատ հետաքրքիր մանկություն եմ ունեցել, նույնպիսի պատանեկություն և երիտասարդություն: Չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով չի ուզենա վերապրել մանկությունը կամ գոնե նրա որոշակի հատվածը: Ես կդժվարանամ մի որևէ առանձին բան նշել, թերևս միայն կուզենայի կրկին ուսանող լինել:

- Ինչպե՞ս եք անցկացնում ազատ ժամանակը. կարողանո՞ւմ եք արդյոք բաշխել այն այնպես, ինչպես անում էիք նախքան քաղաքապետ դառնալը:

- Շատ քիչ եմ շփվում, ուղղակի դրա համար ժամանակ չեմ ունենում, այնուամենայնիվ` ամեն ինչ անում եմ հանգիստս կազմակերպելու, ընկերներիս հետ հանդիպելու համար: Ինչ վերաբերում է ընտանիքիս, նրանց հետ ես անցկացնում եմ ողջ կիրակին: Հասկանում եմ` քիչ է, բայց այլ կերպ հնարավոր չէ:

- Ապագայում ի՞նչ պլաններ, ծրագրեր ունեք, ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում քաղաքացիների և անհատապես Ձեզ համար:

- Հավանաբար նկատեցիք պատմամշակութային կոթողը, որը կառուցում ենք քաղաքում, և այդ փաստը շատ ենք կարևորում քաղաքի համար: Աբովյանը, այսպես ասած, դարպասներ չուներ, և քաղաքում հայտնված մարդը չէր կողմնորոշվում` որտեղ է ինքը` Չարենցավանո՞ւմ, Բալահովտո՞ւմ, թե՞ մի ուրիշ տեղ: Հսկայական կոթողը խորհրդանշում է մեր քաղաքը, իսկ շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև տարվա վերջ: Անելիքների ցանկում կարող ենք նաև նշել իր տեսակի մեջ եզակի այն եկեղեցին, որ կառուցվում է Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Իրականացվում է կանաչապատում, վերանորոգվում են ոռոգման ցանցերը, կանաչ տարածությունները պահպանվում են: Շեշտը դրված է քաղաքի մաքրության, բարեկարգման վրա: Քաղաքի հետ կապված շատ ծրագրեր արգելակվեցին ճգնաժամի պատճառով, բայց վստահ եմ` ամեն ինչ մեր ուժերի սահմաններում է: Ինձ համար գլխավորը բնակչությանը աշխատատեղերով ապահովելն է և ժամանցային տարաբնույթ հնարավորությունների ստեղծումը: Դա հաճելի է երկուստեք:

- Ի՞նչ կմաղթեիք հայ ազգին:

- Մաղթում եմ ամենակարևորը` առողջություն, երջանկություն, ընտանեկան ամրություն և ջերմություն, իսկ մնացածին կարող ենք հասնել մեր բնավորության ամենացայտուն գծի` աշխատասիրության միջոցով:


ԱՎԵՏ ԱԴՈՆՑ.«ՍԻՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ԼՍԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՐԳԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ»

Сентябрь 24, 2009

Աղբյուր՝ «Պոստ Սկրիպտում» հասարակական-քաղաքական ամսագիր

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 27-ի հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Մայիսի 27-ին հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով` Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, համատեղության կարգով, նշանակվել  է Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել): Մեկնումից առաջ հանդիպեցինք պարոն Ադոնցի հետ, զրուցեցինք նրա խորհրդարանական և դիվանագիտական գործունեության մասին, պարզեցինք անելիքները:

Avet-Adonc- Պարոն Ադոնց, շնորհավորում եմ Ձեզ նշանակման կապակցությամբ: Այս նշանակումը  Ձեզ համար ի՞նչ նշանակություն ու կարևորություն ունի:

- Շնորհակալ եմ…Ինձ համար այս նշանակումը խորհրդանշական կարևորություն ունի: Բանն այն է, որ ես իմ դիվանագիտական գործունեությունը սկսել եմ հենց Բելգիայից: Իմ առաջին նշանակումը որպես դիվանագետ եղել է այնտեղ: Դիվանագիտության ոլորտում իմ առաջին քայլերը 1993-94 թվականներին արել եմ Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: Այսօր շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ Բելգիա` արդեն դեսպանի կարգավիճակով: Եվս մեկ բան. վերջին 20 տարիներին ես զբաղվել եմ արտաքին հարաբերություններով, իսկ վերջին 11 տարիներին Եվրամիության հետ ՀՀ հարաբերությունները եղել են իմ աշխատանքային օրակարգի կենտրոնական կետերից մեկը: Այս առումով, հիմա լինել Բրյուսելում և աշխատել որպես Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար` ինձ համար մի կողմից` մեծ պատիվ է, մյուս  կողմից` մեծ պատասխանատվություն:

- Պարոն Ադոնց, ձեր գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել: Վերջին երկու տարիների ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եք  եղել: Ինչպե՞ս  եք գնահատում Ձեր խորհրդարանական գործունեությունը, և որո՞նք են եղել ԱԺ-ում Ձեր ղեկավարած Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հիմնական ձեռքբերումները:

- Նախ պիտի ասեմ, որ Եվրաինտեգրման մշտական հարցերով հանձնաժողովը նոր է ՀՀ ԱԺ-ում: Մինչ դա այս  հանձնաժողովի աշխատանքները կատարվում էր ժամանակավոր հանձնաժողովի  կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ֆորմատով: Որոշում կայացվեց ստեղծել այս  հանձնաժողովը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրաինտեգրումը մեր երկրի համար շատ կարևոր  ու առաջնային է հատկապես օրենսդրական մասով: Կարող եմ ասել, որ նախորդ երկու տարվա մեջ այդ հանձնաժողովը կայացավ` չնայած սկզբում շատ դժվար էր հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովել, քանի որ չկար գործընկեր կառույց  կառավարությունում: Կա արտաքին գործերի նախարարությունը, բայց եվրաինտեգրումը միայն նախարարությամբ չի սահմանափակվում: Բոլոր նախարարություններն ունեն եվրաինտեգրման աշխատանքների հետ կապված բաղադրիչներ. դրա համար էլ դյուրին չէր ստեղծել այն ցանցը կամ աշխատանքի այն սխեման, որը կապահովի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Երկու տարի անց  մեր հանձնաժողովը ճանաչելի է ոչ կառավարական կազմակերպությունների, գործադիրի, նախագահականի դաշտում: Մեզ հաջողվեց  Եվրամիության հետ ստեղծել այն կապը, որն այլևս քանդել չի լինի: Մինչ այժմ կար մի համատեղ կառույց ՀՀ ԱԺ-ի հետ. դա խորհրդարանական համագործակցության կոմիտեն էր, որը տարին մեկ անգամ լինում էր  Երևանում և Բրյուսելում: Բայց մենք գնացինք մեկ քայլ առաջ և ավելի սերտ կերպով ձևավորեցինք այդ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ:

- Պարոն Ադոնց, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության ներկայիս մակարդակը: Եվ առաջիկայում այդ համագործակցության ընդլայնման առումով ի՞նչ անելիքներ կան:

- Բարձր եմ գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության մակարդակը, որն ամեն տարի ավելի է բարձրանում, իսկ համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվում է: Եթե երկու-երեք տարի առաջ դարձանք եվրոպական հարևանության քաղաքական մասնակցության երկիր, ապա այսօր կարելի է փաստել, որ մենք վստահ քայլերով առաջ ենք գնում այս համագործակցության ամրապնդման ճանապարհով: Մենք  էինք այն շարժիչ ուժը, որը ստիպեց Եվրամիությանը լուրջ մտածել այդ մասին: Արդյունքում մեր տարածաշրջանի ևս երկու երկիր` Ադրբեջանն ու Վրաստանը, դարձան այս նախաձեռնության մասնակից: Այսօր մենք ունենք արևելյան գործընկերություն բարձր ֆորմատի համագործակցություն` ավելի կոնկրետ խնդիրներով և նպատակներով: Դրանցից է, օրինակ, ազատ առևտրի ռեժիմը: Այն գործարարները, ովքեր աշխատել են Եվրամիության հետ, միանգամից կզգան այս համակարգի ներդրման առավելությունները: Նման ռեժիմ ունենալու համար դեռ մի քանի տարվա աշխատանք կա: Առաջին առաքելությունը Եվրամիություն մենք ուղարկել ենք մեկ ամիս առաջ, կարծում եմ` արդեն դեկտեմբերին կսկսվեն բանակցությունները, որոնք հավանաբար կտևեն մի քանի տարի: Հաջորդը վիզաների խնդիրն է: Հիմա մասնավոր կարծիք է ստեղծվել, որ եվրոպական երկրներ կարող են մեկնել առանց վիզաների: Ո՜չ, դա չի նշանակում առանց վիզաների, այլ նշանակում է` ավելի հեշտ: Ներկայիս ընթացակարգերի հետ համեմատած գործընթացն ավելի է պարզեցվելու:

- Եթե անդրադառնալու լինենք  Բելգիայի հետ մեր  երկրի ունեցած համագործակցությանը, ապա  ինչպիսի՞ համագործակցության եզրեր կան երկու երկրների միջև:

- Բելգիայի հետ Հայաստանի համագործակցությունը ավանդաբար եղել է  ադամանդագործության ոլորտում: 1991 թվականից  ի վեր ադամանդագործությունը Հայաստանում ձևավորվել և կայացել է հենց բելգիահայ համայնքի շնորհիվ: Այսօր նրանց  շնորհիվ է, որ Նոր Հաճնում մենք ունենք  ադամանդի գործարաններ, և որ անգամ ֆինանսական ճգնաժամի պայմաններում այդ  գործարանների մեծ մասը  շարունակում է աշխատել: Ադամանդ մշակվում է նաև Չինաստանում ու Հնդկաստանում, բայց երբ մարդն իմանում է,  որ ադամանդը մշակվել է Հայաստանում, վաճառքը շատ ավելի հեշտ է լինում, որովհետև մեզ մոտ ադամանդագործությունը որակյալ հիմքերի վրա է դրված: Իմ հիմնական խնդիրներից մեկը լինելու է առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում կապերի ընդլայնումը, քանի որ միայն ադամանդագործությամբ են այսօր սահմանափակվում Բելգիայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները:

- Պրն Ադոնց, Բելգիայում և Եվրամիությունում ինչի՞ց եք սկսելու Ձեր աշխատանքը:

- Բելգիայում հիմնականում երկու ուղղությամբ եմ աշխատելու` ուսումնասիրելու եմ իրավիճակը և փորձելու եմ ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Դեսպանատան  աջակցության դեպքում ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաջողություն և զարգացում լինի այս ոլորտում: Քաղաքական երկխոսությունը Բելգիայի հետ կարծում եմ, որ ընթանում է նորմալ, բայց  տնտեսական բաղադրիչը, այնուամենայնիվ, շատ ցածր է: Սեպտեմբերից սկսվում է  համագործակցությունը արևելյան համագործակցության ֆորմատով, ինչը նշանակում է, որ տարին մոտ 8 անգամ տարբեր հարցերով լինելու են խորհրդակցություններ, բանակցություններ, լինելու են շատ այցեր դեպի Բրյուսել, դեպի Եվրամիություն: Իմ առաջին խնդիրը լինելու է այդ  բոլոր կառույցների հետ  արդյունավետ աշխատանքի ապահովումը:

– Պրն. Ադոնց, ինչպե՞ս արձագանքեց  Ձեր ընտանիքը այս  նշանակմանը, և արդյոք  ընտանիքի  հետ եք մեկնելու:

- Ընտանիքի առումով, իհարկե, դժվար է: Երկու տղաներս մնալու են Հայաստանում, որովհետև մի տղաս ծառայում է ազգային բանակում, իսկ մյուսը սովորում է մագիստրատուրայում, այսինքն` նրանց գալու մասին խոսք անգամ չկա: Իսկ սա իսկապես խնդիր է մասնավորապես կնոջս համար, որովհետև կինս և պետք է մնա իմ կինը` Բրյուսելում,  և լինի մայր որդիներիս համար` Երևանում: Թե ինչպե՞ս դա կհաջողվի` ցույց կտա ժամանակը: Ես կմեկնեմ Բրյուսել, կփորձեմ այնտեղից  այդ  բացերը լրացնել, բայց ընտանիքի առումով իսկապես դժվար է:

- Պրն Ադոնց, երկար ժամանակով մեկնում եք Հայաստանից: Ամենից  շատ ի՞նչն եք կարոտելու:

- Ես արտերկրում աշխատանքային մեծ փորձ ունեմ ու միանշանակ  կարող  եմ ասել, որ օրվա ամենադժվար հատվածը երեկոն է: Գալիս ես տուն, ճաշում ես, և մինչ քնելն ընկած ժամանակահատվածը ամենադժվարն է անցնում: Մեր կուլտուրան մի քիչ  այլ է. մենք  կարող  ենք երեկոյան 9-ին զանգել մեր ընկերներին, պայմանավորվել, դուրս  գալ որևէ տեղ սուրճ խմելու, քննարկելու տարբեր հարցեր, կիսվել հոգսերով, եթե դրանք կան: Իսկ այնտեղ դու ես և քո ընտանիքը: Ամենադժվարը մարդկային ընկերական շփման պակասն է: Ինձ համար շատ դժվար կլինի, որովհետև  ես  շփում և ընկերություն շատ եմ սիրում և գնահատում:

- Կյանքում ի՞նչ կարգախոսով եք  առաջնորդվում:

- Առաջնորդվում եմ «Սիրել մարդկանց, լսել մարդկանց, հարգել մարդկանց, հաշվի նստել մարդկանց կարծիքի հետ» կարգախոսով:

- Եվ վերջում, մեկնումից  առաջ Ձեր մաղթանքը մեր ժողովրդին ու մեր ընթերցողներին:

- Սեր եմ մաղթում, պարզ, մարդկային սեր: Մարդը մարդուն պետք է սիրի և հարգի, իսկ այսօր մենք մեր երկրում սիրո  և հարգանքի մեծ պակաս ունենք: Կուզենայի, որ  սիրո  և հարգանքի մթնոլորտը վերականգնվի մեր հասարակությունում:


ԲԱՑՎԵՑ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Март 26, 2009

nubarashen-1Համայնքի մարզամշակութային կենտրոնի շինարարական աշխատանքները սկսել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։ Նորակառույց համալիրում գործելու են մարզադահլիճ, մշակութային միջոցառումների համար նախատեսված դահլիճ, գեղարվեստական ու սպորտի խմբակների փորձասրահներ, համակարգչային կենտրոն եւ գրադարան։

Նոր կենտրոնը կծառայի ոչ միայն Նուբարաշենի, այլ նաեւ հարակից գյուղերի բնակիչներին, որոնք զրկված էին նման մարզամշակութային կենտրոն ունենալու հնարավորությունից։


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԻ ՆՎԱՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Январь 9, 2009

Ըմբշամարտում բարձր արդյունքների հասած և հեռանկարային մարզիկներ, մարզիչներ և հավաքականների սպասարկող անձնակազմերի աշխատակիցներ (շուրջ 7 տասնյակ աշխատակից) նախորդ քառամյա ցիկլի ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացել են ամսական լրացուցիչ թոշակ, իսկ աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները՝ նաև գումարային խոշոր նվիրաբերումներ և ավտոմեքենաներ: ai112802Վերջին տարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը վերանայել է թոշակների գումարները՝ դրանք բարձրացնելով մինչև ամսական 300 հազար դրամ: Մեր առաջատար ըմբիշների համար Պեկինի օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով ստեղծված են եղել բոլոր պայմանները, սկսած սոցիալական խնդիրների բավարարումից մինչև մասնագիտական խնդիրների հետ կապված հարցերի լուծումը՝ ընդհուպ մինչև «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում անվճար բուժսպասարկում ստանալը:

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ մրցաշրջան 2008-ը հայկական սպորտի համար, այնուամենայնիվ, արդյունավետ եղավ: «Մենք ժողովրդին խոստացել էինք, որ Պեկինում գոնե մեկ մեդալ անպայման կնվաճենք, փոխարենը բերեցինք վեցը: Դրան ավելացնենք շախմատի մեր տղամարդկանց հավաքականի՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճած համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Սա ցույց է տալիս, որ անհնարին ոչինչ չկա: Աշխատել է հարկավոր: Բայց 2008 թվականը ի հայտ բերեց նաև թերությունները, որոնք պետք է վերացնել: Հիմա մտածում ենք Լոնդոնում արդեն օլիմպիական «ոսկու» մասին: Ու դրա համար անելու ենք ամեն ինչ: Նախարարի հետ արդեն պայմանավորվել ենք տնօրեններին և մարզիչներին մեկ տարի ևս աշխատելու հնարավորություն ընձեռել: Բայց տարվա վերջին պահանջելու ենք: Եթե արդյունքների առաջխաղացում չեղավ, տվյալ մարզադպրոցի տնօրենն իր տեղը զիջելու է: Նույնը վերաբերում է նաև մարզիչներին: Ով արդյունք ունեցավ՝ նստելու է ամենապատվավոր տեղում, պարգևատրվելու ու մեծարվելու է: Ով  ոչ, ասելու ենք՝ բարի ճանապարհ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը:

Ավարտելով ելույթը՝ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրեց հայտնի գործարար և նախկին ըմբիշ Սամվել Կարապետյանի թեկնածությունը, որն էլ ընտրվեց միաձայն: Նորընտիր նախագահի խոսքը կարճ էր: «Շնորհակալություն վստահության համար: Հավաստիացնում եմ, որ ձեր վստահությունը լիովին արդարացնելու եմ»,-այսպես ավարտեց իր ելույթը Սամվել Կարապետյանը:


ԵՐԵՎԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

Декабрь 27, 2008

Դեկտեմբերի 27-ին երկար նախապատրաստական աշխատանքներից հետո Եվրոպական Երիտասարդական Ֆորումի, «Հայաստանի Ուսանողական Ֆորումի», «Երիտասարդական Շունչ», ԱՎԵՏ կրթախորհրդատվական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում ընդունեցին «Մոլդովայի Երիտասարդության Ազգային Խորհրդի», «Վրաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի», «Վրաստանի Երիտասարդ Աջեր» երիտասարդական-քաղաքական կազմակերպության, «Հասարակական կարծիքի հետազոտման և  սոցիոլոգիական երիտասարդական կենտրոնի» և «Ռուսաստանի երիտասարդական պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահներին և ղեկավարության ներկայացուցիչներին:meeting1

Նշված հեղինակավոր երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների՝ Երևան այցելության նպատակը տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների առաջին հանդիպմանը մասնակցելն  էր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի երիտասարդությանը հուզող մի շարք խնդիրներ: Առաջին օրը «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ քննարկում Վրաստանում հայկական պատմամշակութային արժեքների վրա կատարված ոտնձգությունների շուրջ: Միջոցառմանը հրավիրված էին նաև մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ:
Քննարկումից հետո միջոցառման մասնակիցներին ընդունեց ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Նախարարը, կարևորելով նմանատիպ հանդիպումների կազմակերպումը Հայաստանում, պատասխանեց նաև մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին պետական երիտասարդական քաղաքականությանը, երիտասարդության, սոցիալական հիմնահարցերին և այլն:
Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր տարածաշրջանային երիտասարդական համագործակցության, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համատեղ աշխատանքի խնդիրներին: Քննարկվեցին  տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների և եվրոպական կառույցներիmeeting2 համագործակցությանը վերաբերող հարցեր: Քննարկումներին մասնակցում էին նաև Հայաստանում գործող մի շարք միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Դեկտեմբերի 29-ին մասնակիցներին Ազգային Ժողովում ընդունեցին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը և Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զահրաբյանը: Պատգամավորները պատասխանեցին մի շարք հարցերի՝ կապված երիտասարդական միջազգային ծրագրերի ֆինանսավորմանը, ուսանողության խնդիրներին, ուսանողական խորհուրդների գործունեությանը և այլն:
Լրագրողական «ՏԵՍԱԿԵՏ» ակումբում հանդիպման մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին, իսկ հանդիպման ավարտին լրագրողներին հանձնվեցին երիտասարդության խնդիրները լավագույնս լուսաբանած 2008 թվականի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՐԱԳՐՈՂ» և «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԼՄ»անվանակարգերը:
Մասնակիցներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդ, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ԵՍ ՈՉ ԿՄԱՍՆԱԿՑԵՄ, ՈՉ ԷԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ «ԲՋՆԻԻ» ԱՃՈՒՐԴԻՆ»

Декабрь 24, 2008

313-bjni«Ես եղել եմ Խաչիկ Սուքիասյանի ընկերն ու գործընկերը, ես երբեք ոչ կմասնակցեմ, ոչ էլ խորհուրդ կտամ, որպեսզի ինչ-որ մեկը մասնակցի այդ աճուրդին: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթային խնդրին, մեղավոր են տնօրենն ու հաշվապահը, ովքեր վարձատրվում են նրա համար, որ ճիշտ կատարեն թղթաբանությունը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով «Բջնի» գործարանի փակման և գույքը վաճառքի հանելու մասին՝ նման տեսակետ է հայտնել ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը: Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի հունվարի 23-ին:

Գագիկ Ծառուկյանը գնահատեց նաև նորընտիր վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: «Այսօր ՀՀ վարչապետը պետք է քայլեր կատարի, եւ դրանք ժողովուրդը պետք է տեսնի: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա նա պաշտոնը ստանձնել է եւ պարտավոր է իր աշխատանքով ապացուցել եւ ցույց տալ, որ իր աշխատանքն ավելի լավն է. ժողովուրդը դրա կարիքն ունի»,- հավելել է ԲՀԿ նախագահը: