Декабрь 19, 2009
Միշտ լինել առաջինը, բարձր պահել Հայաստան երկրի անունն ու հեղինակությունը
Երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդիսավորությամբ մեծարեցին «Մրցաշրջան 2009»-ի մեր մարզաշխարհի հերոսներին:
Արարողությունն այնքան մասշտաբային էր, որ դժվար է առանձին-առանձին թվարկել բոլոր կոչումներն ու պարգեւները, որ հանձնվեցին անցնող տարում հանրապետության պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահած մարզիկներին, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչներին, ըստ ոլորտների պատասխանատուներին եւ աշխատանքները կազմակերպողներին:
Տասնյակ երախտավորներ այսուհետեւ կկրեն ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, շատերի կուրծքը կզարդարեն ՀԱՕԿ-ի տարբեր աստիճանի մեդալներ: Իսկ անկախ Հայաստանի պատմության ընթացքում առավել նշանակալի հաջողությունների հասած մեր առաջատար մարզիկներին շնորհվեց Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար «ՀԱՕԿ-ի Ոսկե շքանշանով» պարգեւատրվեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը եւ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:
Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը խրախուսական պատկառելի պարգեւներ հանձնեց անցնող մրցաշրջանի մեր հերոս մարզիկներին: 2009 թվականին աշխարհի ոսկի նվաճած մեր միակ մարզիկը՝ ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ՀԱՕԿ-ի նախագահից ստացավ Երեւան քաղաքում երեք սենյականոց բնակարանի բանալի, իսկ աշխարհի առաջնությունների արծաթե եւ բրոնզե մեդալակիրները՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի բանալիներ: Դրամական խոշոր պարգեւներ հանձնվեցին բոլոր մարզաձեւերում (անկախ տարիքային կարգից) աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ուսանողական խաղերում եւ այլ բարձրակարգ մրցումներում մրցանակային տեղեր գրաված բոլոր մարզիկներին, նրանց անձնական եւ հավաքականների մարզիչներին, ինչպես նաեւ վերջերս կազմավորված, բայց բառացիորեն երկու օր առաջ Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի ուղեգիր նվաճած Երեւանի «Հատիս» թիմի բասկետբոլիստուհիներին:
Արարողության ժամանակ գումարային ոչ մի տվյալ չհրապարակվեց, սակայն դատելով մասշտաբներից, վստահաբար կարելի է ենթադրել, որ ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւատրությունների համար ընդհանուր առմամբ հատկացրել էր առնվազն վեցանիշ թվերով արտահայտվող դրամ: Եվ որ ամենակարեւորն է, նա իր խոսքում հայտարարեց, որ դա անում է հաճույքով, հպարտության զգացումով եւ այսուհետեւ էլ պետք է անի ամեն բան՝ հաջողությունները բազմապատկելու, մեդալների որակը բարձրացնելու եւ 2012 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների քանակն ավելացնելու ու Լոնդոնում Հայաստանի հաշվարկում ոսկե մեդալ գրանցելու համար:
Оставьте комментарий » |
Գագիկ Ծառուկյան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Նորություններ, Սպորտ, օլիմպիական խաղեր | Помечено: Հատիս, ՀԱՕԿ, ՀԱՕԿ-ի Ոսկե շքանշան, Մրցաշրջան 2009, Նազիկ Ավդալյան, Սամվել Խաչատրյան, բռնցքամարտի ֆեդերացիա, Արման Մուրադյան, Գագիկ Ծառուկյան, Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիր |
Постоянная ссылка
Автор bargavach
Февраль 18, 2009
Փետրվարի 17-ին Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեծ շուքով նշվեց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանի 80-ամյա հոբելյանը, ում գեղեցիկ ու հուզիչ այդ երեկոն նվիրել էր ՀԱՕԿ-ի նախագահ, բարերար Գագիկ Ծառուկյանը։ Հուզված էին բոլորը, իսկ օղակների արքան անկեղծորեն խոստովանեց, որ իր հուզմունքն անսահման եւ անափ է, եւ որ ինքը անգամ օլիմպիական բարձունքներ հաղթահարելիս այդքան չէր հուզվել, որքան հոբելյանական օրը։
Դահլիճը ծափողջյուններով ընդունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը՝ նրա բարձր գնահատանքը սպորտի մեծ նվիրյալին։
«Մենք բոլորս հպարտ ենք, որ ունենք Ալբերտ Ազարյանի նման անգերազանցելի վարպետ, ով մեր հայրենակիցն է։ Եւ մեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գնահատել եւ մեծարել մեր ազգի մեծերին, ովքեր իրենց ուրույն ձեռագիրն են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։ Անհնարին ոչինչ չկա, եթե կա ուժ, կա ձգտում, աշխատանք, արդյունք եւ իհարկե՝ գնահատանք։ Ալբերտ Ազարյանը իր նվիրումով, իր աշխատանքով այդ ամենն իրականացրել է, եւ հիմա եկել է գնահատանքի պահը։ Ու մենք պետք է արժանավայել գնահատենք մեր մեծերին։ Այսօր ոչ մեկին որեւէ բանով զարմացնել հնարավոր չէ, միայն հարգանքով, ուշադրությամբ եւ հոգատար վերաբերմունքով։ Մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, դաստիարակենք այն ոգով, որ նրանք կարողանան գնահատել մեր մեծերի վաստակը, սովորեն նրանցից եւ փորձեն գերազանցել իրենց նախորդների արդյունքները»,-իր խոսքում ասաց ՀԱՕԿ-ի նախագահը՝ մեծ վարպետին մաղթելով երկար տարիների կյանք, անկոտրում աշխատունակություն եւ երիտասարդական կորով։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օղակների մեծ արքային շնորհեց նաեւ ՀԱՕԿ-ի բարձրագույն «Տրդատ Մեծ» մեդալը, ու նաեւ «Ջիփ» ավտոմեքենա։
Оставьте комментарий » |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Նորություններ, Սպորտ, օլիմպիական խաղեր | Помечено: 80-ամյա հոբելյան, «Ջիփ» ավտոմեքենա, «Տրդատ Մեծ» մեդալ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, անգերազանցելի վարպետ, երիտասարդական կորով, հայ ժողովրդի պատմություն, հոբելյանական օր, ձեռագիր, Ալբերտ Ազարյան, մեծեր, օղակների արքա |
Постоянная ссылка
Автор bargavach
Декабрь 16, 2008
Դեկտեմբերի 16-ին Խորվաթիայի նախագահ Ստեփան Մեսիչի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Զագրեբ: Ծավալված ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները:
Զրուցակիցները մասնավորապես կարևոր են համարել երկու երկրների առաջատար բիզնես-խմբերի գործակցության հնարավորությունները, որոնք կարող են ծավալվել բարձր տեխնոլոգիաների, շինարարության ու շինանյութերի արտադրության, առևտրի և այլ ոլորտներում: Կողմերը շեշտել են, որ երկու երկրներներում էլ հետաքրքրություն կա միմյանց՝ արագ զարգացող տնտեսությունների ու տնտեսվարման մեթոդների նկատմամբ: Առանձնակի անդրադարձ է եղել զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու խնդրին` մասնավորապես երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների պոտենցիալը առավելագույնս միմյանց նպատակաուղղելու հնարավորությանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել կապերը երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների միջև: Գագիկ Ծառուկյանը, որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, առաջարկել է իրականացնել առաջավոր փորձի փոխանակում, մարզիկների համատեղ մարզական հավաքներ: Կողմերը նշել են, որ Հայաստանի հավաքականի` Պեկինի օլիմպիական խաղերում նվաճած բազմաթիվ պարգևները Հայաստանին իրավամբ ապահովում են բարձր վարկանիշ:
Դեկտեմբերի 17-ին Խորվաթիայի նախագահ Ստեփան Մեսիչը պաշտոնական ճաշկերույթ է տվել Գագիկ Ծառուկյանի պատվին:
Оставьте комментарий » |
«Բարգավաճ Հայաստան», Գագիկ Ծառուկյան, Հիմնական, Նորություններ, տնտեսական ճգնաժամ, օլիմպիական խաղեր | Помечено: «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե», Հայաստան, Պայմանավորվածություն, Ստեփան Մեսիչ, զբոսաշրջություն, զրույց, Բարգավաճ Հայաստան, Զրուցակիցներ, պաշտոնական ճաշկերույթ, Խորվաթիա, Խորվաթիայի նախագահ, օլիմպիական կոմիտեներ |
Постоянная ссылка
Автор bargavach
Декабрь 4, 2008
Դեկտեմբերի 4-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ համաժողովը:
Կանոնակարգային արարողություններից հետո սկսած նիստում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեդալներ հանձնեց հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում նշանակալի ներդրում ունեցած մի շարք մասնագետների: Այնուհետև ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը ներկայացրեց 2005-2008 թթ. օլիմպիական քառամյակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մանրամասն հաշվետվությունը: Ներկայացվեց նաև նույն ժամանակահատվածում օլիմպիական կոմիտեի ֆինանսական գործունեությունը:
Օրակարգային կարևոր նշանակություն ունեցող հարցերից էին նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի, տեղակալների, գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում կրկին առաջարկվեց Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, ով իր պաշտոնավարության ընթացքում անձամբ լուրջ մասնակցություն է ունեցել ՀՀ-ում սպորտի զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պարտականությունը կրկին իրեն վստահելու համար` Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց, որ շարունակելու է աշխատել նույն սկզբունքով` անել հնարավոր ամեն բան Պեկինում արձանագրված ձեռքբերումները 2012 թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում բարելավելու համար:
Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս վերահաստատեց այն միտքը, որ այս կամ այն ոլորտը ղեկավարելու են միայն նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոններին ներկայացվող պահանջներին:
«Ընկերություն կարող ենք անել աշխատանքից ազատ ժամերին.-ասաց ՀԱՕԿ-ի նախագահը և ավելացրեց.- բայց գործի մեջ լինելու եմ պահանջկոտ: Ինքս ոչ բարեկամ ունեմ, որին հարկավոր է գործի տեղավորել, ոչ էլ մտադիր եմ նման հարցերում որևէ մեկին ընդառաջել: Այս մասին ես վաղուց եմ հայտարարել: Ու համոզվել եք, որ այդպես էլ կա: Նկատի ունեմ մեր որոշ մարզաձևերի ազգային հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչներին այլ մասնագետներով փոխարինելը: Հիմա նույնը վերաբերում է նաև մարզադպրոցների տնօրեններին: Ով արդյունք չի տալիս` իր տեղը զիջելու է մեկ ուրիշի: Այդպես կշարունակվի այնքան, մինչև կգտնվեն ամենաարժանավորները: Հիմա մեկ անգամ ևս տեղյակ եմ պահում, որ հավաքականների մարզիչների, մարզադպրոցների տնօրենների հետ աշխատանքային պայմանագիր ենք ստորագրելու մեկ տարի ժամանակով: Դա մի յուրօրինակ փորձաշրջան է լինելու: Աշխատել կշարունակեն նրանք, ովքեր սպասելիքները կարդարացնեն, ստանձնած պարտավորությունները կկատարեն: Հակառակ պարագայում միմյանց հրաժեշտ ենք տալու»:
ՀԱՕԿ-ի փոխնախագահների և գլխավոր քարտուղարի թեկնածություններ առաջարկելու պատասխանատվությունը դահլիճը վստահեց արդեն վերընտրված Գագիկ Ծառուկյանին: Հատուկ նիստի մասնակիցները հաստատեցին պարոն Ծառուկյանի ներկայացրած թեկնածուներին` Ռազմիկ Ստեփանյանին որպես առաջին փոխնախագահ, Վահրամ Առաքելյանին, Դերենիկ Գաբրիելյանին, Հոկսեն Գրիգորյանին որպես նախագահի տեղակալներ, ինչպես նաև Արմեն Գրիգորյանին որպես ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար:
Համաժողովը հաստատեց նաև ՀԱՕԿ-ի գործադիր կոմիտեի կազմը, որը համալրվեց մեկ անդամով` հասնելով 20-ի:
Оставьте комментарий » |
Գագիկ Ծառուկյան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Նորություններ, Պեկինի օլիմպիական խաղեր, Սպորտ, օլիմպիական խաղեր |
Постоянная ссылка
Автор bargavach