Գործարար, բարեգործ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից: 1990-1992թթ. Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ):
Գագիկ Ծառուկյանը 1995 թվականին հիմնադրում և նախագահում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որն այժմ ներառում է Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ սարքերի գործարանները, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Ավիասնունդ» ձեռնարկությունը, «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանցը, «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը և այլընկերություններ ու կազմակերպություններ:
«Մեկ» կահույքի սրահների ցանցը Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» ընկերության կազմում է 1997 թվականից: «Մեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առաջինն էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո արտասահմանյան կահույք ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց հայ սպառողին:
2002 թվականին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, ձեռք բերելով նոր սեփականատեր և մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ: Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ ներդրվեց վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար: Գագիկ Ծառուկյանը հոգ տարավ, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնենայն հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում: Վերականգնվեց նաև կորսված փառապանծ անունը՝ Հայկական կոնյակ: «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր:
2002 թվականին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում հիմնադրվեց քարի արդյունաբերական մշակման «Մուլտի Գրուպ Ստոուն» ընկերությունը: Գագիկ Ծառուկյանը 8 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրում է կատարել այս կոմբինատում՝ բացելով նոր աշխատատեղեր ՀՀ քաղաքացիների համար: Գործարանի արտադրանքի պահանջարկը մեծ է նաև արտասահմանում: Հայկական հումքը սպառվում է Կանադայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Այժմ գործարանում 400-ից ավելի մասնագետներ են աշխատում, ովքեր վերապատրաստվել են Իտալիայից հրավիրված բարձրակարգ փորձագետների կողմից:
«Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականին ներառվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնում: 2005 թվականին Գագիկ Ծառուկյանի ջանքերով գործարանում կատարվում են արդիականացման աշխատանքներ, որոնք մեծապես նպաստում են գործարանի արտադրանքի որակի բարձրացմանը: Այժմ «Արարատցեմենտ» կոմբինատի արտադրանքն արտահանվում է հարևան երկրներ՝ Վրաստան, Իրան և Իրաք:
«Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը այժմ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում է: Ընկերությունը կառուցում է բնակարանային և գրասենյակային շենքեր: Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրումներ է կատարել ընկերությունում՝ նպատակ ունենալով ընկերության համար ապահովել պայմաններ բարձրորակ, սեյսմակայուն, բնապահպանությանը վնաս չհասցնող շինություններ կառուցելու համար:
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի Գրուպ» կոնցեռնը մեծ գումարներ է տրամադրում նաև բարեգործությանը, ֆինանսավորում տարբեր ծրագրեր և պետական կառույցներ: «Մուլտի Գրուպ» կոնցեռնը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավորն է: